19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիրքը եղել է, կա ու, վստահաբար, մնալու է

 

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով գրադարանավարներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.  

“Արագ զարգացող գիտության և տեխնիկայի մեր իրականության պայմաններում, երբ բարձր տեխնոլոգիաներն այլևս մեր կյանքի ու կենցաղի շատ որոշակի բաղադրիչն են դարձել, այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, բնավ էլ չի պակասել այն դերը, որն ի սկզբանե վերապահված է գրքին և ձեզ՝կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում:

Վստահ եմ՝շատերդ կհամաձայնեք, որ ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, այնուամենայնիվ, գիրքը եղել է, կա ու, վստահաբար, մնալու է գիտելիքի ձեռքբերման կարևոր աղբյուրներից մեկը:

Եվ այդ տեսանկյունից նաև ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր առանձնակի կարևորվում ու, ինչու չէ, նաև հետզհետե շատ որոշակիորեն նոր սերնդի շրջանում ամրապնդվում է սերը հանդեպ ընթերցանության, գրքի ու գիտելիքի:

Ձեր նվիրված աշխատանքով դուք այսօր ոչ միայն պահպանում եք գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, այլև կիրառելով ժամանակակից մեթոդներ՝ հարստացնում եք դրանք և ծառայեցնում մեր հասարակությանը”,- ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ 2013թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանի ծրագրերով ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմանների ապահովմանն ուղղված հստակ ծրագրեր են իրականացվում:

“Քաղաքապետարանն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծի ձեր աշխատանքի և ընթերցողների համար: Դեռ նախորդ տարի վերջնականապես լուծեցինք ջեռուցման խնդիրն ու այժմ էլ իրականացնում ենք մի շարք գրադարանների շենքային պայմանների բարելավման, նորոգման և հիմնանորոգման ծրագիր:

Ու վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն ավելի շատ հնարավորություն կունենանք իրականացնելու համապատասխան ծրագրեր` գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանև, իհարկե, գրականության ֆոնդի հարստացման ուղղությամբ”,- նշել է քաղաքապետը:

Միջոցառման շրջանակում Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և արդյունավետ աշխատանքի համար, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Մեկ անգամ ևս շնորհավորելով գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ 2015թ. բյուջեի նախագծի քննարկման շրջանակում առաջարկվել է հաջորդ տարի ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Բացի այդ, առաջարկվել է նաև 2015թ. հունվարի 1-ից 15%-ով բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, իր և գործընկերների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, հատկանշել է, որ այն նոր ու հարմարավետ պայմանների ապահովումից բացի, լուծում է նաև գրադարաններում առկա գրականության պահպանման կարևոր խնդիրը, ինչն իսկապես անհրաժեշտություն էր տարիներ շարունակ:

Օգտվելով առիթից՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենը նաև Երևանի քաղաքապետին է ներկայացրել կենտրոնական գրադարանի և գրադարան-մասնաճյուղերի աշխատակարգը, առաջիկա անելիքներն ու զարգացման ծրագրերը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ