Ստվերի դեմ պայքարը բերելու է դեղերի գնի բարձրացմանը
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի համար անակնկալ էր “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը ներառելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս փոփոխությունը չի քննարկվել մասնավոր հատվածի հետ, ինչը սխալ է:
“Փոփոխության արդյունքում մատակարարը չի կարողանալու ժամանակին հասցնել դեղամիջոցը սպառողին, արտահանման հարցում ևս խնդիրներ են առաջանալու”,-նկատեց Ս. Զաքարյանը: Նա պարզաբանեց, որ դեղերի փաթեթավորումները շատ տարբեր են, և անհրաժեշտ է դրոշմապիտակավորումը ձեռքով իրականացնել, ինչն էլ բերում է մեծ ծախսերի, իսկ դա կազդի դեղերի գնի վրա, առավել ևս որ բողոքներ կան, թե դեղերի գները տատանվում են։
Նշենք, որ սա կառավարության` ստվերի դեմ ուղղված ծրագրերից է, սակայն նա չի կարծում, որ սա արդյունք կունենա:
Այնուհանդերձ, նա նաև կոռուպցիոն վտանգ է տեսնում այս փոփոխության մեջ, ինչպես նաև նշում, որ եթե օրինակ դրոշմապիտակավորվի ամբողջ դեղի փաթեթը, դեղատներն այլևս հատով դեղեր չեն կարող վաճառել: