Ունեցել ենք ռազմավարական սխալ, 2.5 տարվա ընթացքում չենք կարողացել անել այն և այնքան, որ մեր ընտրությունը երաշխավորվեր. Փաշինյան
Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, կասեմ, որ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք, թե երկու մոտեցումը կարող է մեկտեղվել, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մոտեցումներից մեկը պատերազմի բացառումն է, իսկ երկրորդը՝ ոչ մի թիզ հող։ Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվենք այդ սցենարին։ Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող ենք ժամանակը ձգել։ Եկեք հստակ արձանագրենք, որ 1998-ից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում որոշակի շոշափելի եղել է միայն մեկ ձևակերպում և գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը յոթ շրջանի վերադարձն է Ադրբեջանին։ Բանակցային գործընթացում միակ կոնկրետությունը եղել է սա», – ասաց վարչապետ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ռազմավարական սխալ է, որ առկա երկու սցենարից ընտրություն չի կատարվել:
«Էս երկուսն ուզել ենք համատեղել։ Մենք պետք է ընտրեինք։ Անկեղծ ասած՝ մենք փորձել ենք այդ ընտրությունը կատարել, և ճիշտն ասած, կատարել ենք, այլ բան, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունը երաշխավորվեր», – ասաց Փաշինյանը: