Լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Ոչ ոք՝ իշխանություն և ընդդիմություն, ոչ մի բարոյական և սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն և չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը:
Ազգակիցներ, քույրեր և եղբայրներ, փակեցեք Ձեր ականջները՝ խլեցնելով եղբայրասպան ամեն մի կռինչ: Ձեր ողջախոհությամբ և իրավ հայրենասիրությամբ արհամարհանքի սյունին գամեցեք ամեն մի հուդայի, որը կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել:
Զգաստացեք, ո՜վ կույրեր, զգաստացեք և ձեր մեղսագործ կրքերն արմատախիլ արեք Ահեղ Աստծո առջև ծնկելով:
Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես»:
Մեկ այլ գրառմամբ Ասողիկ աբեղա Կարապետյանը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին.
«Սիրելիներ,
Երկրորդ անգամը լինելով՝ դիմում եմ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգընտիր պատգամավորներին.
արթնացե՛ք, զգաստացե՛ք և կանխեցե՛ք այն սարսափելին, որ ահա այսպես երկուստեք հրահրվում է: Ձեզ տրված բարձր իշխանությամբ Հայրենի պետությունը պաշտպանեցեք հոգեսպան ատելությունից և եղբայրասպան գործողություններից:
Այս իրավիճակում իմաստունը Դուք եք, հայրը Դուք եք, սիրելի պատգամավորներ, հաստատեցեք կենսական խաղաղությունը մեր Հայրենի տան մեջ. եղեք Սուրբ Ավետարանի խաղաղարարները, որպեսզի Ձեզանով պահպանվեն Աստծո որդիները՝ մեր հայրենակիցները: Ձեզ տրված իշխանությամբ բարին արարեք Ձեր հարազատ Ազգի համար՝ սրբագրեցեք առաջնորդի սխալը, սանձեցեք նրա լեզվի չար ընթացքը:
Կա՛նգ առեք և տեսեք, թե ինչ խորխորատի դիմաց եք հասել: Թույլ մի տվեք, որ հափշտակեն Ձեր արդար իրավունքը, Ձեր հեղինակությունը ոտնակոխ անեն. ի մի եկեք և Ձեր ազգաշեն ՔԱՅԼՈՎ վերականգնեք խաղաղությունը և սիրո տաճարը:
Հիշեցե՛ք, որ եթե, Աստված խնայի, խորտակվեց այդ տաճարը՝ Դուք էլ մեզ հետ մնալու եք փլատակների տակ»։