Նիկոլ Փաշինյանը զինված գվարդիա է ձևավորում. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է. «Քիչ առաջ լուր ստացանք, որ Պռոշյան փողոցի վրա գտնվող Կառավարական առանձնատների տարածքում ինչ որ կուտակումներ են նկատվում։ Սա առնվազն տարօրինակ էր, քանի որ գիշերը նշված տարածք ներխուժած մարդկանց նկարահանումներից պարզ էր, որ այստեղ ոչ ոք չկա՝ ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի ընտանիքն այնտեղ չէ։ Մեր լրագրողական խումբը մեկնեց տարածք եւ նկարահանումներ կատարեց տեղում։ Իհարկե, շատ մոտիկից եւ մանրակրկիտ նկարահանել չի հաջողվել, սակայն մեր լրագրողն ու օպերատորը նաեւ տեսել են որոշ բաներ, որոնք տեսախցիկը չի կարողացել արձանագրել։
Առանձնատունը երկու մուտք ունի՝ Պռոշյան փողոցից եւ հետնամուտքից։ Երկու մուտքի մոտ էլ նկատել են ոստիկանական ուժեղացված հերթապահություն, որոնք ապահովում էին անվտանգությունը։ Առաջին մուտքի մոտ միայն ոստիկաններ էին եւ իրավիճակը համեմատաբար հանդարտ էր, իսկ կառավարական առանձնատների երկրորդ՝ հետեւի մուտքի մոտ ոստիկանական ուժերից զատ նկատել են շատ ակտիվ ելումուտ։ Պահպանվող օբյեկտ էին ներսուդուրս անում ինչպես քաղաքացիական հագուստով, այնպես էլ զինվորական համազգեստով անձինք։ Իսկ ամառանոցի բուն տարածքում՝ ներսում նկատել են մեծ թվով զինված ծառայողների, իսկ վերեւում դիպուկահարներ էին կանգնած, որոնք հսկում էին ներքին իրավիճակը։
Այս իրարանցման մեջ նկատել են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ շիշ բռնողին, ով դիմավորում էր տարածք մտնող մարդկանց եւ կառավարում պրոցեսը։ Մեծ թվով ավտոմեքենաներ էին կանգնած ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Ներս մտնողները հիմնականում LL պետհամարանիշներով ավտոմեքենաներն էին։
Հիմա փորձենք ավելի մատչելի ներկայացնել, թե ինչ է կատարվում Պռոշյան փողոցի վրա։ Մեր տեղեկություններով, վարչապետի հանձնարարությամբ զինված ջոկատներ են ձեւավորում՝ գվարդիա, որը կապահովի Նիկոլ Փաշինյանի վերադարձը կառավարության շենք եւ նրա ընդդիմախոսների ջախջախումը։ Այդ նպատակի համար որոշվել է գործի դնել պետական պատժիչ մեքենան։ Եւ քանի որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, մյուս ուժայինները, փաստորեն, այդքան էլ լավ չեն ծառայում Փաշինյանի անձնական նպատակներին, որոշվել է նոր մարմին ձեւավորել՝ հավատարիմ անձանցից, յուրայիններից, որոնք կջարդեն եւ կհնազանդեցնեն ըմբոստացողներին։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը լրջորեն պատրաստվում է քաղաքացիական պատերազմի՝ սեփական ժողովրդի դեմ»։