ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գեղարքունիքի մարզում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գեղարքունիքի մարզում էր: Մարզային այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարան էր, որտեղ նախարարը ուսանողներին Վարպետության դաս է տվել: Ինտերակատիվ դասը անցել է անկաշկանդ մթնոլորտում: Նախարարը ուսանողներին ասել է, որ չի պատրաստվում մենախոսել և իրեն առավել հետաքրքիր են ուսանողների կարծիքները: Նա պատմել է իր ուսանողական տարիներից, նշել իր սերնդի ուսանողների և այժմյան ուսանողության նմանություններն ու տարբերությունները. Զրույցին միացել է նաև Գավառի համալսարանի ռեկտոր՝ նախարարի համակուրսեցի Ռուզան Հակոբյանը: Նախարարը խոսել է առաջնորդին բնորոշ հատկություններից, թիմային աշխատանքից և հորդորել ուսանողներին աշխատասեր ու նպատակասլաց լինել: Ներկայացնելով իր աշխատանքային ուղին՝ նախարարը խորհուրդ է տվել երբևէ, անկախ զբաղեցրած պաշտոնից, հանուն ընդհանուր շահի չխորշել որևէ աշխատանք կատարել, քանի որ սեփական օրինակը ամենահամոզիչն է և մյուս աշխատակիցների համար աշխատանքային մեծ խթան է դառնում: Խոսելով թիմային աշխատանքի մասին՝ նա նշել է, որ թիմը ընձեռում է միասին մտածելու և որոշումներ ընդունելու հնարավորությոն: Բացի դա` կուռ թիմը միշտ հասնում է ցանկալի արդյունքի: Նախարարը նշել է, որ արդեն տեսնում է իր ձևավորած թիմի աշխատանքային պտուղները: Նա ասել է, որ իր թիմում կա փոխօգնության տրամաբանություն և յուրաքանչյուրիև հաջողությունն և սայթաքումը հավասարապես վերաբերում է բոլորին:
Ուսանողները հարցրել են նախարարին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, դատաիրավական բարեփոխումների, կառավարման ձևի օպտիմալ տարբերակի մասին: Գավառում փոխանակման ծրագրով սովորող իսպանացի ուսանողներից մեկը նշել է, որ եկել է միապետական երկրից և դա իր համար սովորական է. Նա հետաքրքրվել է, թե որն է նախարարի կարծիքով Հայաստանի համար կառավարման լավագույն ձևը: Նախարարը պատասխանել է, որ հակված է պառլամենտական հանրապետության տարբերակին: Ուսանողները հետաքրքրվել են նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմներ ներդնելու հնարավորություններով, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության և օրենսդրության մեջ բարոյահոգեբանական նորմերն ընդգծելու խնդիրներով: Ուսանողներից մեկը հարցրել է, թե որն է նախարարի հաջողության գաղտնիքը, ինչին նախարարը պատասխանել է, որ երբեք կանգ չի առնում ու երկար չի ուրախանում իր ձեռքբերածով, այլ շարժվում է առաջ՝ դեպի նոր նպատակների իրականացում:
Ուսանողներին հրաժեշտ տալուց հետո նախարարը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետին: Մարզպետարանի դիմաց հավաքվել էին ցուցարարներ: Նախարարն ու Մարզպետը խնդրել են հավաքվածներին իրենց խնդիրները պատվիրակել 10 հոգու, որոնց հետ էլ մարզպետարանում զրուցել են: Ցուցարարները մարզի բնակիչ փոքր և միջին բիզնես ունեցողներն էին, ովքեր դժգոհել են Շրջանառության հարկին առնչվող օրենսդրական փոփոխությունից: Նրանք իրենց դիմումը հանձնել են մարզպետին ու նախարարին՝ խնդրելով իրենց բողոքը բարձրաձայնել ՀՀ կառավարությունում:
Մարզպետարանում նախարարը հանդիպել է նաև ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու առաջ քաշած հարցերը. Աշխատակիցները հիմնականում բողոքել են շենքային անհարմարություններից:
Նախարարը խոստացել է տեղի իշխանությունների հետ հարցին լուծումներ գտնել: Մարզպետարանում նախարարն ընդունել է նաև քաղաքացիների, ովքեր հիմնականում դժգոհել են սոցիալ-տնտեսական խնդիրներից, ինչպես նաև ունեցել են իրավաբանական խորհրդատվության կարիք: Նախարարն ու մարզպետը խոստացել են իրենց լիազորությունների շրջանակներում օգնել:
Արդարադատության նախարարն այցելել է նաև երկու գյուղական համայնք, հանդիպել գյուղացիների հետ: Մարդկանց ամենաշատ հուզող հարցը եղել է փաստաթղթերի անճշտություններին առնչվող քաշքշուկը, որը հիմնականում առաջանում է ժառանգություն ընդունելու ժամանակ: Ներկաներից մեկը նշել է, որ օրինակ նույն մարդու անունը տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է գրվել, մի տեղ ասենք Վոլոդյա, մի ուրիշ փաստաթղում՝ Վլադիմիր, ինչի հետևանքով տվյալ մարդը ստիպված մի քանի դուռ է թակել շտկումներ անելու համար: Նախարարը փարատել է մարդկանց անհանգստությունը՝ նշելով, որ էլեկտրոնային ՔԿԱԳ համակարգը լուծելու է փաստաթղթաշրջանառության և տարբեր դռներ թակելու խնդիրը. Նա նշել է, որ անճշտությունները շտկելու համար դիմելու են մեկ մարմնի և այդ նույն մարմնից էլ ստանալու են իրենց պատասխանը:
Լճաշեն գյուղի բժիշկներն ու ուսուցիչները հետաքրքրվել են իրենց անմիջական աշխատանքը բարելավելուն ուղղված կառավարության առաջնահերթություններով; Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին. Նա նշել է, որ կառավարության անդամների համար շատ կարևոր են մարզային այցերը, որոնք հնարավորություն են տալիս շփվել մարդկանց հետ և տեղում ստանալ իրական պատկեր: