Ինչ կլինի կարգազանց պատգամավորներին
Ազգային ժողովն այս քառօրյային առաջին ընթերցմամբ ընդունեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Henaran.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ սա համարում է մի փոքր առաջընթաց, որը սակայն ոչ այդքան իրավական, որքան բարոյական համատեքստում է։ ԱԺ մեծամասնության քվեարկությունը հօգուտ նախագծի՝ Փոստանջյանի համար անակնկալ չէր, քանի որ հանձնաժողովի նիստից արդեն պարզ է եղել, որ ՀՀԿ-ն դեմ չէ նախագծին, չնայած փոփոխված տարբերակով։
ԱԺ կանոնակարգ օրենքի 45 հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, որը վերաբերում է կարգազանց պատգամավորներին: Իսկ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր աղմկում են, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս, խախտում կարգը: Նախատեսվում է ավելացնել կարգազանց պատգամավորներին պատժելու դրույթները հետևյալ դրույթով` պատգամավորներ, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Եվ այդ ժամանակ նիստը վարողը ոչ միայն հայտարարություն է անում կարգազանց պատգամավորի վերաբերյալ, այլ նաև հաղորդում է ուղարկում իրավապահ մարմիններին:
Փոստանջյանը միաժամանակ նշեց, թե նախագծի ընդունումը դեռ չի նշանակում նաև կիրառում։ ”Այսօր էլ որոշ սանկցիաներ կան, բայց որևէ պատգամավորի նկատմամբ չի իրականացվել։ Կանոնակարգ օրենքում շատ կետեր կան, որոնք մեր պատգամավորներից մի մասը չի իրականացնում և չգործելու հետևաքնով իրավունքները ոտնահարվում են։ Հիմա միգուցե ընդունվի նախագիծը, բայց նորից չկիրառվի։ Մտավախություն կա, իրավակիրառարար պրակտիկան մենք գիտենք Հայաստանում, որի վերականգնման վայրը դատարանն է, և դատարններն ինչպես են իրենց դրսևորում։ Նախագիծն ինչ-որ չափով երևի կզգոնացնի”,-եզրափակեց նա: