“Էյր Արմենիա”-ն հետաձգել է չվերթների մի մասը` ինքնաթիռների տեխնիկական խնդիրների պատճառով
“Էյր Արմենիա” ավիաընկերությունը հետաձգել է չվերթների մի մասը ինքնաթիռների տեխնիկական խնդիրների պատճառով: “Արմենպրես”-ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությանը պատկանող երեք ինքնաթիռից երկուսն ուղարկվել է տեխնիկական սպասարկման, որոնցից մեկի դեպքում սպասարկումը ծրագրված չի եղել:
“Մեր չվացուցակը պլանավորված էր երեք ինքնաթիռների համար, սակայն, ինչպես արդեն նշեցի, դրանցից երկուսն ուղարկվել են տեխնիկական սպասարկման: Պլանավորված սպասարկումը պահանջում է 21 օր, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել հետաձգել կամ չեղյալ հայտարարել որոշ չվերթներ: Ներկայումս մենք փորձում ենք լուծել այդ հարցը և ինչ-որ կերպ նոր օդանավ գտնել, որը կիրականացնի չվերթները, մինչ մյուս ինքնաթիռը վերադառնա վերանորոգումից: Սակայն դեռևս չեմ կարող ասել, թե դա երբ կլինի”,- ասել է նա` նշելով, որ այն ուղևորներին, որոնց չվերթները հետաձգվել են, առաջարկվել է վերադարձնել տոմսերը կամ, եթե տոմսերը մասնակի օգտագործված են, նրանց տեղափոխել ենք այլ ավիաընկերությունների միջոցով:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, որ “Էյր Արմենիա”-ն լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում, հավանաբար, սնանկ կհայտարարվի:
Մասնավորապես, առաջինն այդ մասին գրել էին ռուսական “Rosbalt”-ը եւ ադրբեջանական “haqqin.az”-ը: Սակայն “Էյր Արմենիա” ընկերության ներկայացուցիչը հերքել էր այդ լուրերը` նշելով, որ նման բան չկա:
“Ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել”,- ասել էր նա: