Մանկավարժները Աշոտյանին “չհոգնեցրին”. նախատոնական պարգեւատրումներ /ֆոտո, վիդեո/
Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին, այդ թվում` “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթների անվանակարգերում հաղթողներին, ավանդաբար հրավիրում է ԿԳՆ` պարգեւներ հանձնելու: Այս տարին եւս բացառություն չէ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր շնորհավորելով նախարարություն այցելած մանկավարժներին, նշել է.
“Օրացույցում կան բազմաթիվ տոներ, սակայն ազգային տոնացույցում իր տեղն է գտել միակ եւ բացառիկ մասնագիտական տոնը` “Ուսուցչի օրը”, որը ՀՀ օրենքով է սահմանված` որպես մասնագիտական տոն: Սա մեր պետության եւ ժողովրդի ամենավառ վերաբերմունքն է առ այն մարդկանց, ովքեր կերտում են մեր ապագան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` որպես նախարար, որպես քաղաքացի, եւ ի դեմս ձեզ` հպարտանալ ուսուցիչների տասնյակ հազարանոց բանակով:
Իհարկե, ծանր է ուսուցչի աշխատանքը. ձեզանից շատերն իրենց աշխատանքը սկսել են դեռ անկախությունից առաջ եւ կառուցելով մեր ազգային դպրոցը` բախվել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում` սոցիալական, ֆինանսական, բովանդակային եւ այլն: Միաժամանակ ուզում եմ փաստել, որ մեր ազգային բանակից հետո երկրորդ նվիրյալ եւ անխոնջ բանակը մեր ազգային դպրոցն է: Այո, ապագա սերունդը գտնվում է ապահով ձեռքերում` ձեր ճիշտ կրթության եւ դաստիարակության շնորհիվ: Մենք ունենք հազարավոր ուսուցիչներ, որոնց աշխատանքը երեւում է միայն իրենց համայնքում, դպրոցում, ընտանիքում եւ, չգիտես ինչու, հանրային ուշադրությունը սեւեռված է միայն համակարգի բացասական երեւույթների վրա:
Մենք պարտավոր ենք հանրությանը ներկայացնել նաեւ հաջողության պատմություններ, միասին կերտել մեր ապագայի տեսլական, որը խարսխված չի լինելու միայն անհիմն լավատեսության վրա, այլ խորը, գիտակցված վերաբերմունք է լինելու մեր պետության, կրթական համակարգի ապագայի հանդեպ: Հայտնի է, որ այս տարին աննախադեպ էր հայ դպրոցականների օլիմպիական մեդալների քանակով, որոնց թիկունքում կանգնած են նրանց ուսուցիչները, դաստիարակները, ծնողները: Նշեմ նաեւ, որ պետության համար կարեւորագույն ոլորտում նոր նախաձեռնությունները սպասել չեն տալիս: Մեկնարկում է Գերազանցության ազգային ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերը” -նշել է նախարարը:
Միջոցառման ավարտին նախարարը պարգեւներ եւ մրցանակներ է հանձնել վաստակաշատ մանկավարժներին: Պարգեւներ է հանձնել նաեւ ճյուղային արհմիության նախագահը:
2014 թվականին ՀՀ ԿԳՆ “Ոսկե հուշամեդալի” են արժանացել Լարիսա Սարգսյանը /Երեւանի N 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն/, Համլետ Ղազարյանը /Երեւանի N 2 հատուկ դպրոցի տնօրեն/, Անյա Սահակյանը /Երեւանի Վ.Պետրոսյանի անվ. N 51 հ/դ, պատմության ուսուցիչ/, Գառնիկ Ասմարյանը /վետերան մանկավարժ/: Մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ պատվոգրերի եւ այլ մրցանակների:
Քոնի որ օրը նախատոնական էր, լավագույն մանկավարժները նախարարին “չհոգնեցրին” իրենց հարցրեով: Փոխարենն Արմեն Աշոտյանն առաջարկեց մի օր նույն կազմով հավաքվել ու քննարկել ոլորտի բացթողումներն ու արժեւորել ձեռքբերումները:
Մանրամասները տեսանյութում: