Ինչու՞ մարտի 1-ի գործով մեղադրյալներին խուլիգանության մեղադրանք չի առաջադրվել. պաշտպան
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատավարությունը։
Հիշեցնենք, որ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում։ Պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառով: Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը անդրադարձավ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի այն պատասխանին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին՝ խուլիգանություն է նրա արածը։
՛՛Քանի որ մեզ մոտ օրենքն ու իրականությունը հաճախ չեն համընկնում, հետևաբար հնչեղություն ստացած գործերով արդար քննություն չեն ստանում: Չէի ցանկանա ռուս ժողովրդի պես հայտնվել մոլորության մեջ և ասել, թե ցարը լավն է, ճիշտը նրա խոսքն է: Մեծարգո Նախագահ, հիմա ինչ էլ ասեմ՝ անիմաստ է լինելու: Դժվար է գտնել որևէ դատավորի, ով Ձեր խոսքին հակառակ կանի: Իշխանությունից կախյալ և պատվերն անվերապահորեն կատարող մարմինն այս` դատարանը, միանշանակ Ձեր պատվերն արդեն ստացել է: Եթե սույն գործը քաղաքական չեք համարում, և ուսումնասիրել եք բոլոր կողմերը, ապա թույլ տվեք դատարանն անկախ որոշում կայացնել՛՛,-իր պաշտպանական ճառում նշեց պաշտպանը:
Ըստ Զաքարյանի իրականում երթևեկությունը խաթարվել է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով: Իշխանության գործելակերպի դեմ կատարվող գործողությունները խուլիգանություն չեն կարող համարվել:
՛՛Ոստիկանությունն այդ միջոցառման ժամանակ համարվում է իշխանության կամակատարը, մասնակցի գործողություններն ուղղված չեն հանրության դեմ, ուստի դրանք խուլիգանություն որակել չի կարելի: Եթե չկան խուլիգանական մղումներ, գործողությունը չի կարող որակվել որպես խուլիգանություն: Ինչու՞ մարտի 1-ի գործով մեղադրյալներին խուլիգանության մեղադրանք չի առաջադրվել՛՛,-շեշտեց Զաքարյանը:
Պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալներին: