Երբ գա իշխանությունը բաժանելու մասը, եռյակ չեք տեսնի
”ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, իսկ առանց նրա բոլոր քաղաքակիրթ երկրներում դժվար կլինի որևէ ընտրություն կազմակերպել: Եթե կլինեն նոր ընտրություններ ու նոր մեծամասնություն, այդ ժամանակ ինքը թելադրողը կլինի: Գաղտնիք չէ, որ հիմա քաղաքական կյանքի թելադրողը ՀՀԿ-ն է”,-ԱԺ ճեպազրույցներին ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` ի պատասխան հարցի, թե ինչ է նշանակում ՀՀԿ-ականների այն հայտարարությունը, թե ընտրություններն անցնելու են Մելիք Ադամյան փողոցով:
Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքիներին և Ռուբիկ Հակոբյանի ու Արամ Մանուկյանի հայտարարություններին, թե ժողովուրդն իշխանափոխություն է ուզում, ապա Բաղդասարյանը նկատեց, որ այդ նման ցանկություն ունեցողները իրենց համակիրներն են, և բնական է, որ ընդդիմության համակիրները պետք է ցանկանան, որ իրենց կուսակցությունները գան իշխանության: Նրան նաև զարմացրեց այն, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հնարավոր է իշխանափոխության պահանջ դրվի:
”Այսօր ՀՀԿ-ն ունի մեծ բանակ, որ իր կողքին է, բոլորն ուզում են գան իշխանության ու դառնան առաջին դեմք, այդքան առաջին դեմքի տեղ չկա”,-նկատեց նա: ”Եռյակը իշխանություն է ուզում առանձին-առանձին, և եթե գա պահը, ու բաժանեն, այդ ժամանակ դուք եռյակ չեք տեսնի”: