ԲՀԿ-ը խուսափեց իշխանափոխության մասին հարցից
”Այն հանդիպումները, որ այսօր նախաձեռնվում են եռյակի ձևաչափով մարզերում, ապա Երևանում, մեկ քայլ են, որ մենք գնում ենք երկխոսության ժողովրդի հետ”,-այսօր ԱԺ ճեպարզւոյցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե իշխանափոխության պահանջի ցանկություն ժողովրդի մոտ նկատել են, թե ոչ:
Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ ղեկավարը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների, անձանց հետ, և այս ամենը հենց այնպես չէ: ”Մենք եթե համոզվենք, որ այդ հանրային պահանջը կա, այո, արդեն ձևակերպված կլինի ժողովրդի պահանջը, կապված հանրահավաքի սրության հետ` դրան կհաջորդեն գործողություններ”,-պատգամավորը նշեց, որ դեմ են հայհոյանքներին:
”Մենք կողմ ենք խորքային արմատական փոփոխությունների, եթե դրա մեջ մտնում է նաև իշխանափոխությունը, մենք կողմ ենք դրան, բայց դրան պետք է գալ, կյանքը ցույց կտա` ինչ մեթոդներով”:
Այդուհանդերձ, արդյոք ժողովուրդը իշխանափոխության պահանջ դնում է. ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը պատասխանեց. ”Չկա որևէ քաղաքական օրակարգ, որ ԲՀԿ-ի համար լինի տաբու, և եթե այս հանդիպումների ընթացքում դրանք կհասունանան, կրդվեն կոնկրետ պահանջներ: Համոզված եղեք, որ ԲՀԿ-ն առաջնորդվելու է մարզային հանրահավաքների ընթացքում ձևավորված հասարակական պահանջով:
Կրկին հարց հնչեց՝ արդյոք իշխանափոխության պահանջ դրվելու է հոկտեմբերի 10-ին, ինչին դարձյալ խուսափողական պատասխան տրվեց.
”Ժամանակից շուտ չպիտի ինչ-որ բաներ հռչակել: Ճիշտ պահը պետք է հասունանա, ճիշտ ձևը: Չեմ կարծում, որ իշխանությունն էլ դիտորդի նման կանգնելու է: Որպեսզի քո հետ երկխոսեն , դու պիտի ուժեղ լինես, պետք է խոսել պետականության դիրքերից և գալ ճիշտ լուծումների: Հանրահավաքը, ինքը կյանքը թելադրելու է, ամեն ինչ ճիշտ իր ժամանակին”: