Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց
Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Օ’Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ’Բրայանը։
Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։