Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով:
Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։
Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը և այլն:
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է: