Հարուցվել է քրեական գործ` Սարալանջում հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ
Երեւանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով:
2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ “ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Լեւոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոցներ է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող “Ռենջ Ռովեր”մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն հասցնել ավարտին:
Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ եւ 1 գնդակ:
Զննության է ենթարկվել Լ. Հարությունյանի կողմից վարվող “Ռենջ Ռովեր” մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածքներ եւ մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը ներկայացրել է մեկ հատ գնդակ եւ հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին