27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք, հայ մայրեր, սրբեցէք ձեր արցունքները, որովհետեւ գիտեմ որ դուք աւելի ուժեղ էք քան մահն ու թշնամին

Աստուածատուր ձեր ներկայութիւնն է որ գոյութիւն է տուել մեր ազգին այս աշխարհում, մեր հազարամեայ գոյութեան եւ ուժի մշտադալար աղբիւրը եղել էք դուք։

Չկայ աշխարհի վրայ որեւէ մեծ սէր, քան այն ինչ ունէք ձեր որդիների եւ դուստրերի հանդէպ։

Չկայ աւելի մեծ նուիրում, քան ինչ ցանել էք նրանց կրթութեան ու դաստիարակութեան մէջ։

Չկայ աւելի մեծ կրակ որ վառում է ձեր սրտերը, քան նրանց նահատակութեան լուրը։

Դուք չէք լացում առանձին, դուք մենակ չէք հայ սուրբ մայրեր, ձեր հետ լացում է ամբողջ ազգս։ Այն ազգը որին դուք էք ծնունդ տուել Աստուծով։

Մեր ուժեղ հայ մայրեր.

Քանի՜ դարեր պարտական ենք մենք ձեզ, որ մեր ազգը ամուր էք պահել։

Քանի՜ դարեր սիրում ենք մենք ձեզ, որ դուք տուել էք ձեր սիրտը մեզ։

Քանի՜ դարեր մնացել ենք մենք, քանի դուք եղել էք մեր վահանն ուժեղ։

Քանի՜ դարեր մնալու ենք մենք, քանի ձեր նմանն չունի աշխարհն դեռ։

Եփրատի աւազներին, մահուան շուքին աւազին գրել էք այբուբեն։

Մեր ազգը փրկել էք քանի անգամներ։

Ահի ու սարսափի միջով դուք եղել էք մեր ներքին ուժն անվեհեր։

Լա՛ւ իմացէք Հայ մայրեր,

Ձեր սրտհատոր որդիներն չեն նահատակւում ի զուր տեղն։

Ձեր հրաշագործ հերոս որդիներն չեն մեռնում եւ անցնում։

Ձեր ծնած առիւծ զաւակներն, դատարկ տեղ չեն թողնում ու գնում։

Հայ մայրեր, սուրբ մայրեր։

Դուք, հեռաւոր հայ մայրեր, իմացէք որ ձեր զաւակներն յաւերժ դառնում են ամբողջ ազգի անջնջելի զաւակները։

Դուք, պաշտելի հայ մայրեր, իմացէք որ ձեր որդիներն իրենց ուսերի վրայ հայրենիք են բերում ձեզ ու մեզ։

Դուք, մեր ուժեղ հայ մայրեր, իմացէք որ ձեր հայրենակերտ որդիներն իրենց ուսերի վրայ են կրում ողջ ազգի ուժը դեռ։

Դուք, մեր հրեղէն հայ մայրեր, իմացէք որ ձեր հրաշագործ ուժն է ձեր հերոսների սրտերի մէջ քանդում թշնամուն ու յաղթում։

Դուք, մեր ոգեղէն հայ մայրեր, մեր ազգի մայրեր, սրբեցէք ձեր արցունքները, ամրացրէք ձեր ոգիները, հզօրացրէք ձեր սրտերը, քանի որ ձեր ծնած հերոսները պիտի մնային միայն ձեր կեանքերում։ Իսկ նրանց գերագոյն զոհողութեամբ նրանք դարձել են ամբողջ ազգի անմահացած հերոսները, որոնց անուններն անջնջելի են մնալու ամէն հայի սրտում ու կեանքում։

Դուք, հայ մայրեր, սրբեցէք ձեր արցունքները, որովհետեւ գիտեմ որ դուք աւելի ուժեղ էք քան մահն ու թշնամին։

Դուք, հայ մայրեր, հզօրացրէք ձեր սրտերն, դուք աւելի հզօր էք քան ամէն վիշտ ու արհաւիրք։

Դուք մեր մայրեր, ամուր պահէք ձեր հոգիներն, յաղթող էք լաւ գիտենք դուք ամէն ցաւին ու տառապանքին։

Դուք Աստուծոյ տուած լոյսն էք մեր ազգին ու հայրենիքին։

Դուք նուիրեցիք ձեր զաւակներն հայրենիքին։ Այն հայրենիքին որ ծնունդ տուել էր ձեր նման հերոսածիններին։

Դուք յաղթեցիք մահուան եւ ահին, ու ձեր կանացի բայց հզօր ձեռքերով կապեցիք խաչն ու աւետարանն ձեր որդիների թեւերին։

Դուք սպեղանի եղաք ամէն ցաւին, ամէն վշտին, ամէն կոտրած սրտին, ամէն արիւնած հոգիին։

Դուք հրաշք մեր մայրեր։

Սրբեցէք ձեր արցունքները եւ իմացէք,

Հզօրացրէք ձեր ոգիները եւ իմացէք,

Ամրացրէք մեր հայրենիքը, եւ իմացէք,

Ամբողջ պատերազմող ազգն կիսում է վիշտը ձեր։

Ամբողջ պատերազմող ազգն զգում է ցաւը ձեր։

Ամբողջ պատերազմող ազգն կանգնած է կողքին ձեր։

Ամբողջ պատերազմող ազգն ոտքի է կանգնած պահին թէժ։

Նրանք չմեռան, նրանք յոյս տուեցին Հայոց աշխարհին։

Նրանք չկորան, նրանք անմացան ամէն հայի սրտում ու վրէժխնդիր ոգում ամեհի։

Նրանք չզոհուեցին որ անցնեն, նրանք ծնուեցին ամէն հայի տան ու ամէն հայի էութեան մէջ անջնջելի։

Նրանք նահատակուեցին բայց կան, լինելու են, ու առաջնորդելու են մեզ բոլորին։

Նրանք ընկան, բայց ոչ ի զուր, նրանք կեանք տուեցին յաջորդ սերնդին։

Նրանք ընկան, բայց ոչ աւաղ, նրանք ոգի ներշնչեցին բոլորին։

Նրանք ընկան, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք նրանցից չկորան միջից մեր։

Նրանք ընկան, բայց յաղթեցին խաւարին, մահուն եւ թշնամուն։

Սրբեցէք ձեր արցունքները, նրանք են խաղաղութիւն բերում Հայոց երկրին։

Սրբեցէք ձեր արցունքները, նրանք են յոյսի եւ լոյսի անմեռ որդիները հայոց լեռներին։

Սրբեցէք ձեր արցունքները, նրանք են անմահացնող ու անմահացած հոգիները մեր գոյութեան։

Սրբեցէք ձեր արցունքները, պիտի հնչեն խաղաղութեան եւ յաղթանակի զանգերն հայոց աշխարհին։

Ու պիտի սգանք ու լաց լինենք ձեր հետ միասին։

Ու պիտի սրբենք մեր ազգի ուժերով ձեր հոգու վիշտն միասին։

Ու պիտի ապրենք ու շատանանք, ծնենք ու բազմանանք մխիթարելով միասին։

Ու պիտի մնանք, ապրենք ու շատանանք որպէս ՀԱՅ, անմեռ հերոս որդեծին ազգին զաւակներ միասին։

Սրբեցէք ձեր արցունքները։ Նրանք այլեւս ձեր որդիներն չեն այլ մեր բոլորին։

Սրբեցէք ձեր արցունքները։ Մենք ձեզնով ուժեղ ենք միշտ ու միասին։

Սրբեցէք ձեր արցունքները, Աստուած օրհնի եւ պահի ձեզ միշտ առիւծածին։

Սրբեցէք ձեր արցունքները, Սուրբ Խաչն միշտ պահի ձեզ լինի ձեր հոգին թանկագին։

Սրբեցէք ձեր արցունքները, դուք էք որ տալիս էք մեզ լոյս, հաւատ ու յոյս, կեանք եւ ուղի, անմեռ ոգի։

Պիտի անցնենք այս փորձութիւնն եւս ու յաղթենք ազգովին։

Պիտի անցնենք այս մահուան ձորն ու յաղթենք միասին։

Պիտի փրկենք մեր երկիրն ձեր ոգու շնորհիւ ու մնանք միասին։

Դուք կեանք տուեցիք ձեր որդիներին, ու նրանք կեանք տուեցին Հայոց աշխարհին, մեր սուրբ հայրենիքին։

Աստուած պահի ձեզ ընդմիշտ մեր սուրբ մայրեր, մեր հայ մայրեր մեր լոյս մայրեր, մեր յոյս մայրեր, մեր մայրեր։

Տ. Սերոբ Քահանա Ազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ