«Հորդորեք և պահանջեք ճանաչել ինքնորոշված Արցախի Հանրապետության անկախությունը, օր առաջ հաստատել հրադադար և կանգնեցնել սոսկալի ողբերգությունը․․․»․ Հրանուշ Հակոբյան
Սիրելի՛ հայրենակիցներ, տարբեր պետություններում ապրող թանկագի՛ն քույրեր և եղբայրներ,
վտանգված է հող հայրենին, օրեր շարունակ վասն հայրենյաց կենաց-մահու պայքար են մղում հայ զինվորներն ու սպաները, իրենց հուժկու և դիպուկ հարվածներով կանխում են թշնամու առաջխաղացումը՝ դրսևորելով հերոսության և անձնազոհության հոգեցունց օրինակներ:
Աշխարհասփյուռ հայությունը, մեկ բռունցք դարձած, զինվորագրվել է Հայոց բանակին, Արցախի պաշտպանության սուրբ գործին և աշխարհից պահանջում է միջամտել թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին, ի դերև անել հայկական պատմական հողի, Հայոց երկրորդ պետության նկատմամբ նրանց նորօսմանական նկրտումները:
Երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, որ դուք ձեր բնակության երկրներում դուրս եք եկել աննահանջ պայքարի և օրեր շարունակ ձեր ցույցերով, միտինգներով, երթերով, արդարացի պահանջներով ուժ եք հաղորդում հայոց Բանակին, մեր Հայրենիքին, մեր չքնաղ Արցախին և աշխարհին ցույց եք տալիս հայի ուժը, տաղանդը և համախմբվածությունը Հայրենիքի շուրջ:
Դիմելով Ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ, մեր ազգասե՛ր և հայրենասե՛ր հայրենակիցներ, խնդրում եմ, որ ձեր ուժն ու կարողությունները, ունեցած կապերն ու հնարավորությունները, տաղանդն ու ազդեցությունը օգտագործեք և բանակցեք ձեր բնակության երկրների պետական, նահանգային, քաղաքային իշխանությունների հետ, հորդորեք և պահանջեք.
1. Ճանաչել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան ինքնորոշված Արցախի Հանրապետության անկախությունը,
2. Օր առաջ հաստատել հրադադար և կանգնեցնել սոսկալի ողբերգությունը,
3. Ձեռնարկել միջոցներ՝ զանգվածային լրատվության բոլոր միջոցներով միջազգային հանրությանը տեղեկացնելու դարեր շարունակ իր հողում ապրելու և արարելու՝ Արցախի բնակչության բնական իրավունքի մասին, բացատրելու, որ արհեստականորեն ստեղծված ադրբեջանը որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ, և Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում, հիշեցնելու թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին,
4. Կիրառել տարբեր սանկցիաներ թուրքիայի և ադրբեջանի նկատմամբ, նրանց հեռացնել միջազգային կազմակերպություններից, դադարեցնել երկկողմ և բազմակողմ պայմանագրերը, համաձայնագրերը՝ հատկապես, եթե դրանք վերաբերում են սպառազինությունների վերահսկմանն ու կանխմանը:
Աշխարհը պետք է իմանա, որ նրանք պատերազմական հանցագործներ են, որոնք անկարող լինելով հաղթահարել Հայոց անպարտելի Բանակի, մեր հերոս որդիների դիմադրությունը և խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Շուշին, թիրախ դարձնում քաղաքացիական խաղաղ բնակչությանը, կանանց ու երեխաներին, ծերերին և հիվանդներին, սպանում անմեղ ու անզեն մարդկանց, փորձում շարունակել իրենց ցեղասպան քաղաքականությունը։
Քսանմեկերորդ դարում առաջադեմ աշխարհը պետք է վճռականորեն կանխի խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և հայրենազրկման կրկնությունը, հանուն որի այսօր անձնազոհաբար մարտնչում են հայ զինվորն ու կամավորը։
Երկյուղածորեն գլուխ եմ խոնարհում դեպ հավերժություն գնացած և անմահացած մեր հերոսների հիշատակի առջև։
Երախտագիտություն եմ հայտնում հանուն հայրենիքի մարտնչող հայ զինվորին ու հրամանատարին:
Քրիստոնեական արժեքներ որդեգրած հայ բիբլիական ժողովուրդը հաղթելու է մեզ պարտադրված հայրենական պատերազմում և շարունակելու է հավերժի ճամփորդի իր արժանապատիվ երթը, քանզի մեր պայքարն արդար է, մենք անպարտ ենք մեր ազգային միասնությամբ ու հայրենասիրությամբ, մեր երազանքն իրականացնելու անկոտրում կամքով և վճռականությամբ:
Անխորտակ է Հայոց ԲԱՆԱԿԸ,
Հավերժ է ԱՐՑԱԽԸ,
Հզոր է ՍՓՅՈՒՌՔԸ,
Սուրբ է ՀԱՅՐԵՆԻՔԸ,
Անպարտ է ՀԱՅԻ ոգին:
Հրանուշ Հակոբյան