Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում և այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա. Սուրեն Սահակյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է ունեցել, հանդիպումից հետո «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հանդիպմանն արտախորհրդարանական ուժերը ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը:
Հարցին, թե «Քաղաքացու որոշում» կուսակցութունը ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ճանաչել Արցախի անկախությունը, Սուրեն Սահակյանը նշեց. «Մենք կուսակցության ծրագրերում ավելի շատ միացման կողմնակից ենք և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու դիրքորոշում ունենք, բայց այս պահին, քանի որ անվտանգության խնդիր է դրված, մենք դեմ չենք լինի անկախության ճանաչմանը»:
Սահակյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի անկախության ճանաչման հարցը և տարբեր կողմերի դիրքորոշումը, բայց վերջնական որոշում չի եղել, քանի որ հանդիպումն այդ ֆորմատի չէր:
Նրա փոխանցմամբ՝ վարչապետը հրավիրել էր արտախորհրդարանական ուժերին, որպեսզի հատնի իր դիրքորոշումը և լսի մյուսների պատկերացումները հարցի վերաբերյալ. «Վարչապետը իր դիրքորոշումը չի հայտնել, համաձայնվել է հնչած շատ կարծիքների հետ և այն, ինչ վարչապետը ասել է հանդիպման ընթացքում, հնչել է հրապարակային տիրույթում»:
Հարցին, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք խոսվել է դավաճանների մասին, որի մասին վարչապետը օրեր առաջ հայտարարություն էր արել, Սահակյանը նշեց, որ հպանցիկ անդրադարձ եղել է, խոսքը հիմնականում գնացել է ընդհանուր տիրող մթնոլորտի մասին, և ոչ թե կոնկրետ դավաճանների մասին:
Իսկ թե ի՞նչ փուլում են բանակցությունները, Սուրեն Սահակյանը նշեց. «Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում և այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա»: