25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, դրանց պատճառների եւ հնարավոր ելքերի շուրջ, «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼ»

– Պարոն Նահապետյան, երեկ լայնորեն տարածվեց ու հերքվեց զինադադարի մասին լուրերը: Ձեր գնահատմամբ` այս պահին ռազմական գործողությունների դադարեցման կամ եզրափակիչ փուլի որեւէ հավանականություն իրականում կա՞:

– Ռազմական գործողությունները շարունակվում են, այնտեղ պատերազմ է գնում: Ես չգիտեմ` ո՞վ է այդ լուրերը տարածում, ինչի՞ համար: Այս պատերազմական գործողություններին ահաբեկիչների ներկայության մասին երկրներ կան, որոնք բավական խիստ կեցվածք են դրսեւորում, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, ինչն ակնհայտ է, բայց էլի եմ ասում` այնտեղ հիմա պատերազմ է գնում: Եվ եթե նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինչքանո՞վ է այն նպաստում պատերազմական գործողությունների մեջ գտնվող անձնակազմի` շարքայինների ու սպայակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա:

Երբ ասում են` պատերազմը կավարտվի այսօր, վաղը կամ այսինչ ժամին, արդեն ինքնապահպանման բնազդն է աշխատում, մարդը էլ չի ուզում զոհվել: Եթե պատերազմը մոտենում է ավարտին, հոգեբանորեն ցանկացած մարդ ուզում է ողջ մնալ, ինչն էականորեն ազդում է հոգեվիճակի վրա: Կորում է այն հիմնական մոտիվացիան` հանուն որի կռվում է: Կարծում եմ` այդ լուրերը խիստ բացասական են, հատկապես, որ որեւիցե իրական հիմք չունեն, ընդամենը ասեկոսեների, շշուկների եւ խոսակցությունների մակարդակով են ու խիստ վնասակար ազդեցություն են թողնում: Պատերազմական գործողությունների ժամանակ չի՛ կարելի չիմացածը տարածել, որը սկզբունքորեն կարող է նաեւ խուճապ առաջացնել:

– Պատերազմական գործողությունների առաջին 10-ը օրերին, կարծես, լիակատար կոնսոլիդացիա կար: Հիմա կրկին գլուխ են բարձրացնում ներքաղաքական խլրտումները, ավելին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է դավաճանների մասին, որոնք համոզել են զինվորներին դիրքեր թողնել: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Կարծում եմ` սա եւս բացասական ազդեցություն է ունենալու: Այո, պատերազմի այս օրերին, եթե անգամ կային ինչ-որ տեղ առողջ կամ տեղին քննադատություններ, բայց քաղաքական ընդդիմությունը կոշտ կեցվածք չդրսեւորեց Փաշինյան Նիկոլի վարչակազմի նկատմամբ, իշխանափոխության խնդիր չառաջացրեց, գործընթացներ քաղաքական չսկսեց` գոնե քարոզչական դաշտում: Հասկանալի է, որ ռազմական դրություն է, որի ժամանակ հավաքները, ցույցերը արգելված են, բայց քարոզչական դաշտում եւս համատարած նման բան չեղավ: Այսինքն` իրոք, կար կոնսոլիդացիա: Եվ հիմա էլ դեռեւս պատերազմը չի ավարտվել: Ուստի` ցանկացած նման խոսակցություն` ներքին թշնամի հայտնաբերելու, պատժելու, դավաճաններ գտնելու եւ այլն, խիստ բացասական ազդեցություն են գործում պատերազմում գտնվող մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Անգամ եթե ինչ-որ մարդկանց բռնել են, չի՛ կարելի նման խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել: Այդ բացահայտումների, քննությունների, հետո` դատական գործընթացների մասին պետք է խոսել միմիայն պատերազմի ավարտից հետո, եւ այդ ժամանակ կպարզվի իրենց մեղավորության չափը: Վերջիվերջո, որոշ մարդիկ պետք է հասկանան, որ պատերազմը շոու չէ՛, կինո չէ՛:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ