Ռազմական դրության պայմաններում սա հանցագործություն է
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ Կարևորն այն է, որ մենք այժմ գերհամախմբված ենք բանակի շուրջ և թշնամու դեմ։
Ժողովուրդը մեր բանակի հետ է, բայց նրան կրկին ուզում են պառակտել՝ ատելության խոսք տարածելով։
Իշխանությունը պահանջում է ներքին կյանքին վերաբերող թեմաներով իր հասցեին քննադատության զինադադար, ինչը հասկանալի է և ինչն ընդունվել է գրեթե բոլորի կողմից։ Խնդիրը, սակայն, այն է, որ նույն այդ իշխանությունն իր գործիքների միջոցով ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ կռիվ է տալիս քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ռազմական դրության պայմաններում սա հանցագործություն է և դատապարտելի։
Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։
Կարևորը Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, անկախությունը և ազատությունն են։ Մնացածն անցողիկ է»։