16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

“Հայերը. ցեղասպանություն եւ իտալական 20-րդ դար” խորագրով գիտաժողով Իտալիայի սենատում

Սեպտեմբերի 23-ին Իտալիայի սենատում անցկացվեց «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին, որը կազմակերպել էր Իտալիայի վերին և ստորին պալատներում ձևավորված Հայաստանի հետ բարեկամության խումբը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկա էին Իտալիայի սենատորներ և պատգամավորներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին բարեկամության խմբի խորհրդի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին, փոխնախագահ, պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին, խմբի անդամ պատգամավոր Սանդրա Զամպան, ինչպես նաև Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Գիտաժողովի բանախոսներին էին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պատմագիտության դասախոս, պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը, Հռոմի Լումսայի համալսարանի դասախոս պրոֆեսոր Պաոլո Ականֆորան, հայտնի գրող, Պադովայի համալսարանի իտալական արդի գրականության դասախոս, պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Գաբրիելա Ուլուոջյանը և Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը:

Սենատոր Դե Բիազին ընթերցեց Իտալիայի նախագահի գլխավոր քարտուղար Դոնատո Մառոյի՝ նախագահ Նապոլիտանոյի և սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի անուններից` կոնֆերանսին հղված ողջույնի ուղերձները, որոնցում կարևորվում էր 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկի վերաբերյալ գիտաժողովի անցկացումը և հիշատակվում դարերի արմատներ ունեցող հայ-իտալական բարեկամական հարաբերությունները: Ուղերձում ընդգծվում էր, որ որպես ապագայի խաղաղության գրավական հատկապես ներկայիս մարտահրավերների ու ճգնաժամերի պարագայում անհրաժեշտ է անցյալի հիշողության պահպանումը: Սենատի նախագահն իր ուղերձում ողջունել էր կոնֆերանսի անցկացումը: 

Սենատոր Դե Բիազին իր խոսքում անդրադարձավ իսլամիստների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը և հայտարարեց, որ իրեն իրավունք է վերապահում Իտալիայի քաղաքական և հասարակական շրջանակների անունից դատապարտել այդ բարբարոսությունը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին:

Դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին ու բանախոսներին, ներկաներին, այդ թվում` Հռոմի դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտներին ու նրանց ուսուցչուհուն, ովքեր 2013-2014թթ. ֆիլմ են պատրաստել Հայոց ցեղասպանության մասին:

Դեսպանն ընդգծեց, որ Միջին Արևելքի ներկայիս իրադարձությունները վառ ապացույց են, որ չպետք է դադարել ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և ժխտողականության մասին խոսելը: Նա մեծապես կարևորեց ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կանխարգելումը, այդ թվում՝ կրթության միջոցով:

Դեսպանը խոսեց նաև Դեր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման, Միջին Արևելքում փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղի ունեցող վայրագությունները վկայում են, որ ցեղասպանության միտումներն ու վտանգն առկա են նաև մեր օրերում:

Դեսպան Ղազարյանը կարևորեց երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդումը և ընթերցեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամության խմբի նախագահ Կորյուն Նահապետյանի ողջույնի ուղերձը, որտեղ խմբի անդամների անունից շնորհակալություն էր հայտնվում գիտաժողովի կազմակերպիչներին և բանախոսներին՝ ընդգծելով, որ գիտաժողովի անցկացումը ոչ միայն հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին և համերաշխության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ, այլև արդարության հաստատման համար պայքարի բաղադրիչ և հավատարմություն համամարդկային արժեքներին:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նախկին գումարման խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիր Ալբերտինա Սոլիանին: Նա իր խոսքում մեծապես կարևորեց ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով. «Բոլորս հայ ենք, որովհետև Հայոց հարցը եվրոպական հարց է, իսկ Հայաստանը՝ եվրոպական քաղաքակրթության մաս»: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ