«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ–ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու». Վահրամ Պողոսյան
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:
«Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց Պողոսյանը:
Ասուլիսին ներկա միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Պողոսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը.
«Արդեն 28-ի լույս գիշերը պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ և այդ հաջողություններն առ այսօր պահպանվում են և պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որն իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Երեկ արդեն Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պատրաստ է ավելի ուղիղ մասնակցություն ունենալու, բայց մենք գիտենք, որ այսօր Ադրբեջանում գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստորաբաժանումներ և այդ ստորաբաժանումների աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություններ ունենալ: Ուզում եմ հստակ հայտարարել, որ անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»:
Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը:
«Երեկ դուք անձամբ համոզվել եք մեր որոշ համայնքներ այցելելով, ինչպես նաև գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնված հարվածային անօդաչու սարքերը, որոնցից 2-ը մեր հակաօդային պաշտպանության զորքերը հաջողությամբ խոցել են»,- ասաց Պողոսյանը:
Արցախի նախագահի խոսնակը հայտնեց, որ այս պահի դրությամբ ենթակառուցվածքների հետ կապված էական խնդիրներ չկան, իսկ լինելու դեպքում անմիջապես լուծում է տրվում.
«Խնդիրներ հիմնականում ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Խնդիրներ առաջանալուն պես անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝ արագ, օպերատիվ դրանք լուծելու և աշխատանքները վերականգնելու համար: Շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախը ինչպես տասնամյակներ առաջ, տասնամյակներ ի վեր, այսօր էլ խաղաղության կողմնակից է և մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բանակցությունների միջոցով: Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, և ոչ մի պատերազմ, ոչ մի ագրեսիա մեզ չի կարող ստիպել, որպեսզի մենք հետ կանգնենք մեր նպատակներից»:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է հասկացել՝ միայն պատերազմի առաջին ժամերին է հակառակորդին հաջողվել որոշակի հաջողություններ գրանցել, Վահրամ Պողոսյանը պատասխանեց.
«Շատ ճիշտ եք նկատել, ընդամենը մի քանի ժամ է հաջողվել որոշակի առաջխաղացում ունենալ Ադրբեջանի բանակին՝ նախահարձակ լինելու պահին, այս պահի դրությամբ պաշտպանության բանակն ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան: Սա ևս մեկ անգամ վերահաստատում է մեր այն միտքը, որ պաշտպանության բանակը տարածաշրջանում առաջին հերթին խաղաղության և կայունության երաշխավորն է: Մի հետաքրքիր զուգահեռ եմ ուզում անցկացնել այս տարածաշրջանում 30 տարի առաջ տեղի ունեցած գործողությունների և այսօրվա միջև: Միջազգային լրատվամիջոցների մեր գործընկերները երևի հաճախ են լսել, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է, ինչ-որ տարածքների մասին: Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար և փոխարենը ստացել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ: Այդ պատերազմական գործողությունների արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր և ինչի մասին այդքան խոսում է Ադրբեջանը, և եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու և Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն նախահարձակ գործողությունները, որ սկսել է Ադրբեջանը, դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Պողոսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից մեր խաղաղ բնակչությանը թիրախավորելու հանգամանքին.
«Մենք սա համարում ենք՝ Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորումներ և առաջին հերթին մեր գործընկերների միջոցով ուզումե նք մեր խոսքն ուղղել միջազգային հանրությանը, որպեսզի ավելի ակտիվ լինեն և թույլ չտան որպեսզի այն հանցագործությունները, որոնք աշխարհի աչքի առաջ այսօր իրականացնում է Ադրբեջանը՝ շարունակվի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հստակ ասել՝ մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը և Ադրբեջանը Պաշտպանության բանակի կողմից ստանալու է հուժկու հարված, բայց երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլ հստակ և սկզբունքային հարց է:
Մի կարևոր դիտարկում ևս անեմ՝ բացի այն, որ Ադրբեջանը հրետակոծում է հայկական խաղաղ բնակավայրերը, միջազգային իրավունքի տեսակետից՝ դատապարտելի և հանցագործության տարր է իրականցանում, դա այն է, որ հենց իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական օբյեկտները, որտեղից որ հրետակոծում են մեր խաղաղ բնակավայրերը: Դա եղել է նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ ձևով Ադրբեջանը նաև թիրախ է դարձնում սեփական խաղաղ բնակավայրերը, քանի որ Պաշտպանության բանակը ստիպված պետք է լռեցնի այդ կրակակետերը, արդյուքնում չենք բացառում, որ կարող են տուժել նաև խաղաղ բնակիչներ: Այս ամենի համար Ադրբեջանի իշխանությունները կրում են պատասխանատվություն»: