26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

«Օրեր առաջ Ադրբեջանի ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները, շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները` վիրավորվել»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները:
«Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- հայտնել է վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն:

«Դառնալով Հայաստանի վարչապետ, ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ նման բան է ասել»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հավելել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ