Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկը փլուզվել է
Ս. թ. սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ս. թ. սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ: Համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսեն հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը, Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարություն՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով: