Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին. ՊԵԿ նախագահ
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը
ՊԵԿ նախագահ.
«Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին»
Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:
Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին: Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց և մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու և խաղաղություն պարտադրելու համար:
Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբևէ և ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:
Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին:
Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ:
Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին:
Փա՛ռք Հայ զինվորներին
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյան