22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ոստիկանության բաժնի սենյակներից կտտանքների ենթարկվողների գոռոցներ էին լսվում». ոստիկանների կողմից ծեծված ծանրամարտիկ

«Ինձ ծեծում էին 6 հոգով և հերթափոխով»,- պատմել է ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով ոստիկանական բաժնում անցկացրած երեք ժամերի մասին: Նա պնդում է՝ Նոր Նորքի ոստիկանության շենքը, որտեղ իրեն տարել են, նման էր կառափնարանի, բոլոր սենյակներից մարդկային տառապանքների ձայներ էին լսվում:

«Աշխարհի բոլոր լսված ու չլսված հայհոյանքներն են ինձ հասցրել»,- «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում պատմել է նա: Ավելի ուշ, բժշկական եզրակացություններից հետո, Նոր Նորքի ոստիկանները, նաև՝ քրեական հեղինակությունների միջոցով, փորձել են նրա հետ բանակցությունների գնալ. «Հա դե ախպեր, չուժոյ պախմել դրբի տակ ընգար…Ընդհանրապես, եթե տղեն ընգնում ա Ոստիկանություն ու ծեծ չի ուտում, նշանակում ա՝ ինքը գործ տվող ա»,- փորձել են իրավիճակը շտկել ոստիկանները:

Հիշեցնենք, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ես Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ապահովել եմ առավելագույն՝ 4-րդ հորիզոնական։

Երկարատև, ոչ դյուրին և ակտիվ մարզական կարիերայից հետո քաղաք Սպիտակում սեփական միջոցներով կառուցել եմ մարզասրահ, որտեղ անվճար մարզվում են բոլոր ցանկացողները։ Այս ամենը անում եմ՝ ի հանգստություն իմ խղճի, ի հիշատակ հորս՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության։

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին գտնվել եմ Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իմ ծանոթների հետ, որտեղից առևանգվել եմ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝միայն այն բանի համար, որ ներկա եմ գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք։ Հետագայում պարզ դարձավ, որ երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։

Բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ ենթարկվել եմ խմբակային ծեծի։ Ոստիկանների կողմից իմ նկատմամբ թույլ են տրվել պատիվս ու արժանապատվությունս վիրավորող բազմաթիվ արարքներ։ Մոտավորապես 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չեմ։

Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝կրծքավանդակի փակ վնասվածք,թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։

Ինձ առավել վրդովվեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքը առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։

Խնդրի հանրայանցումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։

Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարացվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորություններըմինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։

Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԺ փոխնախագահ պարոն Ալեն Սիմոնյանին, որն ինձ լսել և հորդորել է շարունակել պայքարը օրինականության հաստատման համար, նաև, որուշադրության կենտրոնում կպահի այս հարցը։

Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի,կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ, և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ