Հայկ Մարությանին մի քանի անգամ տուգանել են. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, պարզվում է, այս ընթացքում մի քանի անգամ տուգանել են՝ օրենքի խախտումով շինթույլտվություններ տրամադրելու համար։ Տուգանողը Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է, որն ի պաշտոնե վերահսկում է համայնքային ղեկավարների տված ԱՊԶ-ները, շինթույլտվությունները։ Ու այդ վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս կամ այն շինթույլտվությունը խախտումով է տրամադրել, օրինակ՝ շինարարություն իրականացնողը, ասենք՝ ՇՄԱԳ փորձաքննություն անցած չի եղել կամ այս կամ այն նորմը պահպանած չի եղել, սակայն քաղաքապետը, փաստորեն, անտեսել կամ աչք է փակել դրանց վրա եւ թերի փաստաթղթերով, կարգի խախտումներով թույլ է տվել, որ շինարարություն սկսվի։ Մեր տեղեկությամբ՝ տեսչական մարմինը մոտ 5-6 անգամ արդեն տուգանել է Մարությանին, տուգանքի չափն էլ կազմում է 200 հազար դրամ։ Եվ դրանք Մարությանը պետք է իր գրպանից մուծի, քանզի այս դեպքում տուգանվողն ինքն է՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ո՛չ քաղաքապետարանը։ Օրենքը սահմանում է, որ պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է, այս պարագայում՝ Երեւանի քաղաքապետը։
Մեր տեղեկությունները հաստատեց Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։ «Հիմա դեպքերով չեմ հիշում, բայց ունենք ե՛ւ վճարված տուգանքներ, ե՛ւ բողոքարկված տուգանքներ։ Հիմնականում եղել են ԱՊԶ-ի կարգի խախտումներ, կատեգորիայի խախտում, նաեւ անհամապատասխան նախագծի հաստատում եւ այլն»,- ասաց պարոն Շահբազյանը։
Նա նաեւ նշեց, որ համայնքի ղեկավարին տուգանել են ոչ միայն Երեւանում, մարզերում նույնիսկ քրեական գործեր կան հարուցված՝ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների ղեկավարների, այսինքն՝ քաղաքապետերի, գյուղապետերի նկատմամբ։
Շահբազյանը թեեւ չէր հիշում Մարությանին տուգանելու ստույգ թիվը, բայց հաստատեց, որ հնարավոր է՝ խոսքը 5-6 դեպքի մասին լինի։ Փաստորեն, ամեն օր օրենքից ու օրինականությունից խոսող Հայկ Մարությանն ու նրա ղեկավարած հիմնարկը մի կողմից մարդկանց անհարկի քաշքշում են ու ամիսներով շինթույլտվություններ չեն տրամադրում, մյուս կողմից՝ դրանք օրենքի խախտումով են տրամադրում։ Հավանաբար «կամազի սկզբունքով» են առաջնորդվում՝ ով ինչ-որ բան է խոստանում իրենց, օրինակ՝ «կամազ» կամ «կամազների» կայանատեղի, նրանց շինթույլտվությունը, նույնիսկ օրենքի խախտումով, տրամադրում են։
Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե որտեղից է Երեւանի քաղաքապետը վճարելու այդ տուգանքները, եթե իր աշխատավարձն ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ է։ Հավանաբար, Չեխիայում ձեռք բերած բնակարանները վարձակալությամբ հանձնելուց գոյացած գումարներից կամ էլ նախկին իշխանությունների օրոք Միքայել Մինասյանին պատկանող մեդիաինդուստրիայում աշխատած տարիներին հետ գցած փողերից է «փակվել»»։