Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցները: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:
«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:
«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝ ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:
Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել: Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:
Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:
«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:
Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG: