14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հայկական ցունամին ինձ վերադարձրեց հայկական աշխարհ”. Գերմանիայում առաջին հայ դեսպանի թոռը` Թեդ Գրինֆիլդ

Գերմանիայի Բոխում քաղաքում հանդիպել են տեղի առաջին հայ դեսպանի թոռը` Թեդ Գրինֆիլդը և այսօրվա դեսպանի խոհրդական Աշոտ Սմբատյանը: Դեսպան պարոն Վահան Հովհաննիսյանը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել մասնակցել եզակի այդ հանդիպմանը: Այս միջոցառումը նույնպես “Հայկական մշակութային աշունը” Գերմանիայում շարքից էր, որը նաև փետրվարից սկիցբ առած և առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարունակությունն էր:

Միջոցառումը տեղի է ունեցել Բոխումի Ավետարանական քաղաքային ակադեմիայում սեպտեմբերի 9-ի երեկոյան: Բացման խոսքով ելույթ է ունեցել ակադեմիայի նախագահ Առնո Լոմանը: Իսկ նրա ելույթից հետո բեմ է բարձրացել Աշոտ Սմբատյանը: Նա շնորհակալություն հայտնելով պարոն Գրինֆիլդին իր ներկայության մասնակցության համար, ներկայացրել է նաև այլ դեսպանների, որոնք աշխարհի տարբեր երկրներում են գործել:

Հանդիպման բուն նպատակը Հայաստանի առաջին հանրապետության դեսպան դոկտոր Ջեյմս Գրինֆիլդի կյանքի և գործունեության մասին նրա թոռան` ճարտարապետ Թեդ Գրինֆիլդի դասախոսությունն էր: Թեդ Գրինֆիլդը (ծնվ. 1936 թ., Իրանի մայրաքաղաք Թեհրանում) պատմել է իր պապիկի և հայ ազնվական  Գրինֆիլդների ընտանիքի մասին: Ճակատագրեր, որոնք ընկած են Հայաստանի, Գերմանիայի և Պարսկաստանի միջև: Բանախոսի պապիկը` Ջեյմս Գրինֆիլդը, ամուսնացել է Կատարինա Թումանյանի հետ: Ունեցել է 3 որդի` կոչելով Հովհաննես, Սահակ և Գրիգոր: Թեդը Գրիգորի որդին է, որը 15 տարեկանից տեղափոխվել է Գերմանիա: Ցավոք հայերեն չի խոսում:

Գերմանիայում 1918-1920 թթ. առաջին հայ դեսպան Ջեյմս Գրինֆիլդը մի շարք պաշտոններ է ունեցել: Նախ 1914 թ. հիմնված Գերմանա-հայկական ընկերության փոխնախագահ է եղել` Յոհաննես Լեփսիուսի տեղակալը: Այնուհետև 1919 թ. նշանակվում է Հայաստանի առաջին հանրապետության առաջին դեսպանը Բեռլինում: Իսկ 1923 թ. ընտրվում է Բեռլինի նորաստեղծ հայկական համայնքի նախագահ: Այդ տարիներին Գրինֆիլդը կարողացել է մի շարք գրքեր հրատարակել, նա հայանպաստ բազում հումանիտար ծրագրերի մասնակից է եղել:

“Թեդ Գրինֆիլդն առաջին անգամ մեզ համար ելույթ ունեցավ 2011 թ.հունիսին Դեթմոլդ քաղաքում երիտասարդների ավանդական ամառային հավաքին, ուր ապրում է իր ընտանիքի հետ: Այս անգամ արդեն դասախոսությունն անհամեմատ ուժեղ էր, բավականաչափ լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, փաստեր ներկայացրեց: Նա առաջին հանդիպումից հետո սկսեց իր ընտանիքի պատմությունն ուսումնասիրել: Առաջին հադիպումից հետո նա ինձ նամակ էր գրել, ասելով, որ “Ձեր կազմակերպած հայկական ցունամին ինձ հետ վերադարձրեց հակական աշխարհ”: Այս անգամ  առաջարկություն արեցի, որ իր հուշերն ու փաստաթղթերը ի մի բերի, երկու լեզվով կհրատարակենք, սա հայ-գերմանական պատմության մեջ եզակի էպիզոդ է”,- պատմում է Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Հայ ակադեմիականների միությունն ունի մատենաշար, որի հերթական հատորի նյութ կդառնա Գրինֆիլդ ընտանիքի պատմությունը` որպես երկու ժողովուրդների կամուրջ: Օրդուխանյանի գնահատմամբ սա ձուլված հայ զավակների հետ բերելու մի քայլ է: Նմանատիպ հանդիպումներով նրանք կամաց-կամաց վերադառնում են իրենց հայկական արմատներին:

 

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ