17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:

«Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից»,-ասել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնել զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ:

 

«Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում»,-նշել է Հարությունյանը։

Արցախի նախագահն ընդգծել է, որ անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են։

«Սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը»,-ասել է նա։

Արցախի նախագահի խոսքով՝  Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները։

«Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար», – հավելել է Արցախի նախագահը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ