06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մտահոգություն կա

ՀՀ վարչապետ

Հ.Ա.Աբրահամյանին

Մեծարգո´ պարոն վարչապետ,

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության 2014թ. սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեցին 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած “Կուտակային կենսաթոշակների մասին”  ՀՀ  օրենքի փոփոխության հետ կապված մի շարք խնդիրներ: Տեղի ունեցած մտքերի փոխանակման արդյունքում նախագահությունը միաձայն որոշեց բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացնել ԵՊՀ կոլեկտիվի մտահոգություններն առկա խնդիրների վերաբերյալ:

Կից ներկայացվում է բաց նամակի տեքստը:

Հարգանքով`

Նախագահ`                                               Արմեն Ավետիսյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետ, ԵՊՀ խորհրդի անդամ

Հ. Ա. Աբրահամյանին

 Մեծարգո´ պարոն վարչապետ,

 Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ոչ պետական ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտավորությունից:

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին: Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից:

Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ: ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա:

Միաժամանակ ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է, որ սահմանված կարգը չի տարածվում ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, և բուհերի կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ բուհերի աշխատողների համար, ինչի արդյունքում ՊՈԱԿ հանդիսացող բուհերից տեղի է ունենում երիտասարդ մասնագետների արտահոսք:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ եթե ՀՀ որևէ մի բուհ պետք է ունենա հատուկ կամ արտոնյալ կարգավիճակ, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի առանձնահատուկ կարգավիճակը սահմանված է “Կրթության մասին” ՀՀ օրենքով և ՀՀ նախագահի հրամանագրով:

Մեծարգո´ պարոն վարչապետ,

Ներկայացնելով ԵՊՀ կոլեկտիվի ներկայացուցիչների մտահոգությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր: Վստահ եմ, որ որպես ԵՊՀ խորհրդի անդամ Ձեզ նույնպես մտահոգում են վերահիշյալ խնդիրները:

 

Հարգանքով`

ԵՊՀ արհեստակցական

կազմակերպության նախագահ՝                                             Արմեն Ավետիսյան

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ