17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուժման կեսից դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ Թորոսյանին. Հետք

«Հետք»-ը գրում է․ «Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։ 

Արամ Բաբաջանյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

-Պարոն Բաբաջանյան, ե՞րբ և ի՞նչ ախտանշաններով զգացիք և ի՞նչ արեցիք։

-Մայիսի 9-ին զգացի, որ թուլություն ունեմ։ Ջերմությունս չափեցի՝ 37.4 էր։ Մտածեցի երևի մրսել եմ, բայց գիշերը դողէրոցք ունեցա, իսկ առավոտյան ջերմությունս 38 էր։ Պոլիկլինիկայի բժշկի հետ խոսեցի, հանգստացրեց, որ իր կարծիքով վիրուս չկա մոտս։ Հաջորդ գիշերը նույն պատմությունն էր։ Նորից զանգահարեցի պոլիկլինիկա, կրկին տեղեկացրի առողջական վիճակիս մասին։ Տեսնելով, որ պոլիկլինիկայից համապատասխան արձագանք չկա, մայիսի 12-ին գնացի «Վարդանանց» բժշկական կենտրոն՝ թեստ հանձնելու։ Ես և կինս յուրաքնաչյուրս 20 հազարական դրամ վճարեցինք արագ թեստի համար։ Ասեցին՝ ձեզ մոտ բացասական է, ոչ ունեցել եք վիրուս, ոչ հիմա ունեք։ Ջերմությամբ պայմանավորված՝ վճարեցինք և սոնոգրաֆիա էլ կատարեցինք։ Ասեցին՝ նորմալ է։ Մենք էլ ուրախացանք, որ լուրջ խնդրից խուսափել ենք և եկանք տուն։

-Այդ ընթացքում ջերմությունը նորմայից բա՞րձր էր Ձեզ մոտ։

-Այո՛։ Եկանք տուն, տեսանք, որ ջերմությունը չի իջնում, որոշեցինք կրկին թեստ հանձնել՝ արդեն քթից և կոկորդից քսուք վերցնելու տարբերակով։ Նույն ԲԿ-ում վճարում կատարեցինք այս անգամ յուրաքանչյուրս 25 հազար դրամ և այդ անալիզն էլ հանձնեցինք։ Մեր բնակարանում ես և կինս ենք ապրում, դրա համար երկուսս էլ հանձնեցինք։ Եկանք տուն և մայիսի 13-ին զանգով տեղեկացրին, որ երկուսիս մոտ էլ դրական է։ Ասացին, որ կտեղափոխեն հիվանդանոց։ Հաջորդ օրը մեզ տարան Օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։

-Ի՞նչ հետազոտություններ անցաք և ինչպե՞ս էր ընթանում բուժումը։

-Շտապօգնության մեքենան, որ եկավ մեր հետևից, նաև այլ հիվանդ մարդու վերցրինք, բոլորս իրար հետ տեղափոխվեցինք հիվանդանոց։ Բարձրացրին մեզ 5-րդ հարկ, դուռը կողպված էր, բացեցին, մեզ ցույց տվեցին մեր սենյակը։ Այդ հարկ ոչ մեկ չէր կարող մտնել, միայն հիվանդներն էին։ Օրվա մեջ երկու անգամ այդտեղ մտնում էին հերթապահ բժիշկը և քույրը, որը սրսկումներն էր անում։ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե։ Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։

Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Դրա փոխարեն պատուհանից երևում էին բժիշկներ, որոնք վարչական մասնաշենքի մոտ կուտակված էին գրեթե միշտ, որոնց հետ մենք այդպես էլ չառնչվեցինք։ Ամբողջ բաժնին սպասարկում էր մեկ բուժքույր, որը բաժանմունքի բոլոր հիվանդներին ներարկում էր կատարում, դեղեր էր տալիս և բոլորի կանչերին արձագանքում։ Բուժքույրերը երիտասարդ աղջիկներ էին, ուսանողներ և ինչպես հասկացա, այն ժամանակ չէին վարձատրվում։

Այդ ժամանակ մի գիշեր կինս, որը հիպերտոնիա հիվանդություն ունի, վատացավ, սակայն մինչև առավոտ ոչ մեկին չկարողացանք տեղեկացնել։ Առավոտյան բուժանձնակազմին տեղեկացրինք, որ սրտաբան է պետք, որին մինչև մեր դուրս գրվելը՝ շուրջ 5 օր, այդպես էլ չտեսանք։

-Բայց դուք գիտե՞իք, որ երկկողմանի թոքաբորբ ունեք։

-Ինձ երկրորդ օրն ասացին, երկու օր հետո կնոջս էլ ռենտգեն արեցին և ասացին, որ իր մոտ էլ երկկողմանի թոքաբորբ կա։ Թոքաբորբի բուժման մեխն այն է, որ պետք է իմանան, թե քո մոտ ինչ ինֆեկցիա է, որ ըստ դրա ընտրեն, թե որ հակաբորբոքայինով պետք է բուժեն։ Դա բուժման ամենագլխավոր բաղադրիչն է։ Երկու անգամ խորխի անալիզ եմ տվել, մինչև այսօր դրանց պատասխանները չունեմ։ Առաջին անգամ տվածս անալիզից անցել էր 5 օր, հարցնում եմ, թե ի՞նչ է դրա պատասխանը, ասացին, որ պատասխան չունենք, հետո լաբորատորիայից պարզեցին, որ հանձնածս խորխը փչացել է, և թափել են, չեն էլ զգուշացրել, որ անհրաժեշտ է նորից հանձնել այդ անալիզը։ Բուժման ընթացքից մեկ շաբաթ հետո իմ համառ պնդումներից հետո միայն երկրորդ անգամ այդ անալիզը վերցրին, որի պատասխանը մինչ օրս չունեմ։ Իմ հետազոտությունների պատասխաններն եմ ուզում, չկան։

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ դուրս գրվեցիք։

-Մայիսի 23-ին և 24-ին սկսեցին հիվանդներին զանգվածաբար դուրս գրել։ Մեր բաժանմունքից մոտ 15 անձի դուրս գրեցին: Ես հարց եմ ուզում տալ նախարարին։ Այդ մարդիկ, որ դուրս են գրվել, թեստավորված, դրական պատասխան ստացածները և ընդհանրապես չթեստավորվածները, իրենց հաղորդած վիճակագրության մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում։ Առողջացածների մե՞ջ են, թե՞․․․ Այդ 15 հոգին անելանելի վիճակում էին։ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում։ Ասում էր՝ ո՞նց մեկուսանամ մեկ սենյականոց բնակարանում, որ տղայիս ընտանիքին չվարակեմ։ Մյուս մարդիկ էլ նույն խնդրին էին բախվելու, ապրում էին իրենց ընտանիքների հետ։ Միևնույն է, դուրս գրեցին բոլորին։ Զարմանալի չէ, որ վարակակիրների թիվը կտրուկ աճում է:

-Դուրս գրելիս ձեզ չե՞ն թեստավորել։

-Ինձ և կնոջս չեն թեստավորել, բայց դուրս գրվածների մեջ կային թեստավորված և դրական պատասխանով անձինք։

-Ստացվում է, որ դուրս գրվելու պահին, դուք երկկողմանի թոքաբորբ ունեիք, չունեիք մի շարք հետազոտությունների պատասխաններ։ Հիմա բերել են ձեզ տուն։ Կպատմե՞ք տանը ինչպես եք բուժվում, ձեզ ո՞վ է ներարկումներ անում, սննդի հարցն ինչպե՞ս եք կարգավորում։

-Մեզ դուրս գրելիս ասացին, որ երեք օր պետք է սիստեմաներ ստանաք, տվեցին դեղերի ցանկ։ Ասացինք՝ թեստ արեք, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք բժիշկ հրավիրել տուն։ Ասացին՝ ձեզ պոլիկլինիկայում թեստ կանեն։ Պոլիկլինիկայի հետ կապ ենք հաստատում և հայտնում, որ մեր բուժումը պետք է շարունակվի։ Ասում են՝ մենք այդպիսի ցուցում չունենք։ Ասում ենք, լավ իսկ մարդ ունե՞ք, որ կարող է ներարկումներ անել, մենք նույնիսկ չգիտենք մեր ներկայիս վիճակը։ Ասում են՝ չգիտենք։ Հաջորդ օրը իրենք են արդեն կապ հաստատում, ասում եմ, որ նախարարի ցուցումն է, որ պոլիկլինիկայից պետք է սպասարկեն, ասացի, որ երկու օր անտեր ու դուրս ո՛չ բուժում ենք ստանում, ո՛չ էլ։ Համաձայնեցին ինձ հետ, ասացին, որ այսօր նոր պետք է գլխավոր բժիշկը քաղաքապետարանում ժողովի մասնակցի այդ թեմայով։ Զարմանալի է, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։

-Հիմա ձեզ ո՞վ է ներարկումներ անում։

-Մենք մեծ դժվարությամբ, հետաքրքրվելով, ուրիշ հիվանդանոցից քույր գտանք։ Վճարում ենք, գալիս է հանդերձանքով, ներարկումներն անում է, բայց մեր բուժումն ընդհատվեց։ Նորից պետք է արյան անալիզ հանձնենք, համակարգչային տոմոգրաֆիա անենք։ Դա որտե՞ղ պետք է անեն, ո՞վ պետք է անի, ո՞նց պիտի արվի, մենք կարո՞ղ ենք դուրս գալ, գնալ պոլիկլինիկա, թե՞ չենք կարող։ Այդ հարցերի պատասխանը չկա։

-Եթե անհանգստացնող հարցեր ունեք, կարո՞ղ եք դուրս գալ տնից, գնալ պոլիկլինիկա։

-Ոստիկանությունից եկան, զգուշացրին, որ տունը մնանք։ Ասում եմ՝ լավ, մնանք, բայց մեզ բժիշկ էլ է պետք։ Ասում է՝ մեր գործառույթը չի։ Այսինքն՝ մի կողմից ոստիկանությունը ստուգում է, որ դուրս չգաս տնից, մյուս կողմից էլ բուժման, հետազոտման կարիք ունես։ Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Ուզում եմ ստանալ 10 օր հիվանդանոցում գտնվելու ընթացքում իմ ստացած բուժման սխեման, տեսնեմ՝ որ օրը ինձ ինչ դեղեր են ներարկել, ինչ չափաբաժնով, որն ինձ անհրաժեշտ է հետագա բուժումս կազմակերպելու համար։ Կասկածներ ունեմ, որ ստացված բուժման արդյունքում նաև այլ խնդիրներ են առաջացել ինձ մոտ։ Որքան էլ դիմեցի հիվանդանոցի ղեկավարությանը, այդպես էլ չստացա իմ էպիկրիզը, այն, ինչ ինձ տվեցին, ձեռագիր երկու տող է, որը իրականում իմ ստացած բուժմանը չի համապատասխանում։

Ինձ թուղթ են բերել, տվել ստորագրման չինական ինչ-որ դեղ («Плаквени») ստանալու համար։ Ասում եմ՝ բժիշկը դուք եք, ինձ պե՞տք է սա, թե՞ չէ։ Ասում են՝ եթե համաձայն եք, որ դեղը տանք, պետք է ստորագրեք, եթե համաձայն չեք, էլի պետք է ստորագրեք։ Ասում եմ՝ ես մասնագետը չեմ, դուք պետք է գնահատեք։ Ասում են՝ դե որ տալիս ենք այս դեղը, ոնց որ թե ավելի շուտ են բուժվում հիվանդները։ Այ քեզ բան։ Մենք 5 օր բարձր դոզայով խմեցինք այդ դեղից, հետո կարդացի, և պարզվում է, որ այս վիրուսին օգուտ չի տալիս, ընդհակառակը՝ կողմնակի ազդեցություններ ունի։ Դա էլ երևի փորձ են անում։

-Ի՞նչ կուզեք ասել, որի մասին չհարցրի։

-Կուզեմ առողջապահության նախարարին հարց տալ։ Ինքը ռեալ պատկերացնու՞մ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում։ Երբ որոշում են հիվանդներին ուղարկել ըստ բնակության վայրի, դա համաձայնեցրե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց ենթակայությամբ են գործում պոլիկլինիկաները, որ իրենք պետք է զբաղվեն այդ հիվանդներով։ Ես տեսնում եմ, որ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում։

Ինձ հետաքրքիր է վիճակագրությունը, որ ամեն օր նախարարությունը ներկայացնում է․ այդ բուժվածների մեջ մտնու՞մ ենք մենք, այս 15 հոգին, որ դուրս գրվեցինք և որոնց մասին ես գիտեմ, բայց իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Մենք ո՞ր կատեգորիայի մեջ ենք։ Լավ կլինի նախարարը հիվանդանոցներում մի գիշեր մնա և տեսնի, թե ինչպես են բուժում հիվանդներին, ի՞նչ է կատարվում հիվանդանոցներում։ Սրանք իմ անձնական հարցերը չեն, ինձ հետ այս վիճակով հարյուրավոր մարդիկ են եղել։

Ես, կյանքի և աշխատանքի մեծ փորձառություն ունենալով, երկար տարիներ աշխատելով աղետի գոտում, փրկարարական-վերականգնողական աշխատանքներին մասնակցած լինելով, լավ գիտեմ մարդու կյանքի արժեքը, նաև լինելով մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար՝ լավ եմ պատկերացնում այն մարտահրավերները, որոնք մշտապես կանգնած են մեր երկրի և ժողովրդի առաջ։ Դրանք են՝ երկրաշարժերը, սողանքները և այլ բնական աղետները, ատոմակայանի առկայությունն ու այլ տեխնածին աղետները, պատերազմական գործողությունների վերսկսման մշտական վտանգն ու այլ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները, առանձնահատուկ կարևորություն և նշանակություն եմ տալիս առողջապահության համակարգի հստակ և գրագետ աշխատանքին։ Ես իմ ընտանիքի հետ միասին 2018 թվականի հեղափոխության մոլի ջատագովներից և մասնակիցներից ենք, մեզ համար ցավալի է, որ 2 տարի անց դեռևս չի հաջողվել առողջապահական համակարգը բերել այնպիսի վիճակի, որ պատշաճ արձագանքի ստեղծված իրավիճակին: Ամեն անգամ նախարարին լսելով՝ տեսնում եմ, որ փորձում են մեղքը մարդկանց վրա գցել, բայց ներսից տեսնելով իրավիճակը՝ հասկանում եմ, որ միայն մարդիկ չեն մեղավոր։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ