04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության ազգային ինստիտուտը պիտի ոլորտի “ուղեղը” լինի. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Օգոստոսի 27-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Բազարչյանը սեղմ ժամկետում կմշակի այն առաջնահերթ ծրագրային մոտեցումները, ուղիները, որոնք միտված կլինեն կառույցի դինամիկ զարգացմանը:

  “Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական բաղադրիչը, կարծես, մնացել է առանց իր հիմնական գործառույթի։ Մինչդեռ այն կոչված էր լինելու վերլուծական կենտրոն` առողջապահության ոլորտի “ուղեղը”: Ինստիտուտի նոր գործառույթների  մշակումը ներկա փուլում հանձնարարվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին”,-նշեց նախարարը` ավելացնելով, որ պետք է հաշվի առնել  նախանշվող ծրագրերի ռիսկերը, հստակեցնել առաջնահերթությունները:

 Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ բժշկական հաստատությունների եւ մասնագետների որակավորման բնութագրերի մշակման գործընթացի անհրաժեշտությունը:

“Բոլոր ծրագրերի իրականացման հիմքում  լինելու է ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարը”,- ընդգծեց  առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը` ավելացնելով, որ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման առաջնային օղակի, համակարգի այլ ոլորտների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:

Նախարարն առաջարկեց գործարար միջավայրի հետ սերտ համագործակցության միջոցով ֆինանսավորման այլընտրանքային  աղբյուրներ  փնտրել, ինչը թույլ կտա բերալավել կառույցի շենքային պայմանները։ Առողջապահության ազգային ինստիտուտի համար դա օրակարգային խնդիր է:  

Առաջիկայում ֆինանանսական միջոցների առկայության դեպքում ծրագրվում է վերանորոգել ինստիտուտի երկու` մեծ եւ փոքր դահլիճները, որոնք նախատեսված են գիտաժողովների, մամուլի ասուլիսների, այլ ձեւաչափերով հանրային միջոցառումների իրականացման համար:   

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը շնորհակալություն հայտնեց նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ նախանշված բոլոր ծրագրերը համատեղ ուժերով կյանքի կկոչվեն` կմշակվի ինստիտուտի առաջիկա հինգ տարիների զարգացման հայեցակարգը:

Նրան հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նաեւ  կադրերի հաստիքացուցակ:

Ազգային ինստիտուտում նախարարն այցելեց նաեւ գրադարան,  շրջեց հարկերով, ծանոթացավ կառույցի նյութատեխնիկական եւ գույքային պայմաններին:  

Արմեն Մուրադյանը օգոստոսի կեսին եւս մեկ աշխատանքային այց էր կատարել Առողջապահության ազգային ինստիտուտ, որի շրջանակում նրան էին ներկայացվել ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաեւ Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ