Գարեջրի փառատոնը տեւեց 5 ժամ /ֆոտո/
Երեւանի քաղաքապետարանի “Երեւանյան ամառ” եռամսյա ծրագրում ներառված վերջին՝ Գարեջրի փառատոնը, կայացավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի հարակից տարածքում։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուաիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին եւ նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն եւս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։
Փառատոնին մասնակցում էին 12 կազմակերպություններ՝ գարեջրի գործարաններ ու գարեջրատուն-ակումբներ։
“Ամառվա երեք ամիսներին քաղաքապետարանը «Երեւանյան ամառ» ծրագրով բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել. Գարեջրի փառատոնը, որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն, ծրագրեցինք անցկացնել հենց օգոստոսին, երբ Երեւանը լի է նաեւ մայրաքաղաքի հյուրերով։ Որպես Երեւանի Գարեջրի փառատոն՝ կազմակերպությունների, մասնակիցների այսպիսի ներգավվածությամբ, բացօթյա այս փառատոնն առաջինն է ու նախաձեռնել ենք ամենամյա, ավանդական դարձնելու մտայնությամբ եւ, որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է եւ ճանաչվածության խթանումը”,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ, փառատոնի համակարգող Մարիա Բարաղամյանը։
Փառատոնի հինգ ժամերի ընթացքում ելույթ է ունեցել “Ալեքսանդրապոլ” նվագախումբը, որի ելույթներն ընդմիջվում էին աշխույժ ու բազմապիսի մրցույթներով, որոնք անցկացնում էին կազմակերպությունների տաղավարները՝ ներկաների մասնակցությամբ։ Կազմակերությունների ներկայացուցիչների խոսքով՝ նախապատրաստել էին մրցանակների հեղեղ։ ։
Մինչ “Երեւանյան ամառ” ծրագրի ավարտը դեռեւս 4 մեծ միջոցառում էլ է կայանալու։ “Երեւանյան ամառ”-ը կավարտվի օգոստոսի 31-ին՝ դարձյալ Կարապի լճի հարակից տարածքում, եզրափակիչ մեծ համերգով։