ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցն ամփոփեցին հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը Ֆրանսիայից եւ Իգոր Պոպովը Ռուսաստանից, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-13 ճամփորդեցին Բաքու, Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան:
Բաքվում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, Լեռնային Ղարաբաղում` երկրի փաստացի իշխանությունների, Երեւանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հուլիսի 11-ին համանախագահները եւս մեկ անգամ ոտքով հատեցին հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծը: Հուլիսի 12-ին նրանք Լեռնային Ղարաբաղից ժամանեցին Երեւան: Հանդիպումների արդյունքում համանախագահները վերահաստատեցին իրենց երկրների դիրքորոշումները` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, ինչը հունիսի 18-ի համատեղ հայտարարության մեջ հատուկ շեշտել էին նաեւ 3 երկրների ղեկավարները Լոս Կաբոսում:
Համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շարունակել են հունիսի 18-ին Փարիզում ընթացած քննարկումները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին քաղաքական կամք դրսեւորել, հաշվի առնել 1994-ին հաստատված հրադադարի համաձայնագիրը եւ զերծ մնալ թշնամական հռետորությունից:
Ինչ վերաբերում է ԼՂ-ում նոր օդանավակայանի բացմանը, համանախագահները հավաստիացում են ստացել կողմերից, որ իրենք մերժում են քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ուժային սպառնալիքի հավանականությունը, կզբաղվեն այդ հարցով բացառապես դիվանագիտական քայլերի օգնությամբ` զերծ մնալով խնդրի քաղաքականացումից: Համանախագահները կրկին անգամ հաստատել են, որ օդանավակայանի աշխատանքը ոչ մի կերպ չի կարող օգտագործվել ԼՂ կարգավիճակը փոխելու նպատակով եւ կոչ են արել կողմերին գործել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Համանախագահները մտադիր են եւս մեկ անգամ առանձին հանդիպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` սեպտեմբերին նրանց համատեղ հանդիպումը կազմակերպելու նպատակով: