Ճշգրտվում են սերմացուի ներկրման ծավալները
2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության եւ իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը եւ առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:
Նիստում հաստատվել է ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրով 2014 թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:
Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սեւանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խոր. մետրի: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձեւավորել եւ ուսումնասիրել հարցը, որովհետեւ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու:
Կառավարության ղեկավարը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը եւ ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարեւորությունը: