29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր:

Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաեւ Տրանշ 1-ի` Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ կատարման ընթացքով եւ հանձնարարել շինաշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ երկարության հատվածի վերակառուցում եւ ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչեւ քառաշարք ճանապարհ: Տրանշ 2-ի վարկային համաձայնագիրը կնքվել է 2011 թ. մայիսի 30-ին: Նախագծային խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» ընկերությունը, կապալառու կազմակերպությունն է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն ուղեւորվել է Թալինի տարածաշրջանի Եղնիկ համայնք՝ շրջել գյուղի դպրոցի շենքում, ապա համայնքի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Վարչապետի հետ զրույցում գյուղացիները բարձրացրել են համայնքի՝ խմելու ջրով ապահովման, դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման եւ այլ հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին 10 օրվա ընթացքում կազմակերպել համայնքում խմելու ջրի 2500 մ խողովակի անցկացումը եւ ներկայացնել դպրոցի մարզադահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ: Ի պատասխան գյուղացիների մեկ այլ հարցի՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է արոտավայրերն օգտագործել պայմանագրային վարձակալության հիմունքով, ինչին բնակիչները համաձայնվել են:    

Գործադիրի ղեկավարն այցելել է նաեւ Թալին քաղաքի մանկական գեղարվեստի դպրոց, որը վերակառուցվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով՝ վերահատակագծումով: Վարչապետին տեղեկացրել են, որ 64 աշակերտ ունեցող կրթօջախի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը: Այժմ կատարվում են հատակների, սանհանգույցների, էլեկտրասնուցման, ջրամատակարարման, գազամատակարարման, կոյուղու, օդափոխության եւ ջեռուցման համակարգերի վերակառուցման, պատուհանների, տանիքների փոխարինման եւ այլ աշխատանքներ: Կառավարության ղեկավարի հանձնարարականով դպրոցին 10 օրվա ընթացքում կտրամադրվի նոր գույք:

Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ գյուղում՝ շրջայց կատարել համայնքի պատմամշակութային միջնադարյան ամրոցային համալիրում: Հուշարձանի տարածքի ուսումնասիրման եւ վերականգնման նպատակով 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 370 մլն ՀՀ դրամ: Ամրոցի հետագա վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին ներկայացված Դաշտադեմ ամրոցի եւ նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման եւ հանրահռչակման համալիր ծրագրի շրջանակում: Դաշտադեմ համայնքի բնակիչների հետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է գյուղի խնդիրների, մասնավորապես, ոռոգման ջրի հարցի շուրջ՝ խոստանալով հնարավորության դեպքում լուծում տալ խնդրին:

Կառավարության ղեկավարի այցի վերջին կանգառը Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքն էր: Վարչապետը շրջել է Մուսալեռան հերոսամարտի պատմության եւ մուսալեռցիների ազգագրության թանգարանում, որը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղն է: Հովիկ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել Մուսալեռան հերոսամարտի թանգարանի եւ հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ծրագրի վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ