Հայաստանում կկառուցվի նոր՝ Հարավային երկաթուղին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության եւ կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը: ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետներին հանձնարարվել է, որպեսզի յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում երկամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն ներկայացնի առաջարկություն երկաթուղու նախնական ծրագծում փոփոխություն կատարելու նպատակով:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր հերթին պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը եւ առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների եւ մեխանիզմների վերաբերյալ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային եւ հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական եւ տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:
Նիստում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրով Երեւանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը, նույն ծրագրով բնակարանների ձեռք բերման նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահվել “Բնակարան երիտասարդներին” ՎՎԿ ՓԲԸ-ին:
Նիստում 2014թ. ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է շուրջ 90 մլն դրամ:
2014թ. ընթացքում “Սեւան-Հրազդանյան ջրառ” ՓԲԸ ջրանցքներում ինքնահոս ջրի պակասը լրացնելու, ինչպես նաեւ նշված ջրաքանակն ինքնահոս եղանակով հաշվառելու նպատակով գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացրել է 515 մլն դրամ: