26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակառակորդը ծավալով եւ բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ է կատարում. Սեյրան Օհանյան

 Օգոստոսի 7-ին՝ կառավարության նիստում գործադրի անդամներն մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին շաբաթվա ընթացքում սահմանային առաջին գծում  զոհվածների հիշատակը: Մինչ այդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  տեղեկատվություն տվեց սահմանում տիրող իրավիճակի մասին: Նախարարի խոսքով, այս տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 18 հազար անգամ, այնինչ 2013թ-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 հազար: Միայն այս տարի հակառակորդի կողմից կատարվել է 26 դիվերսիոն հետախուզական գործողության  փորձեր, որից միայն 15-ը հուլիսից 25-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում:

“Լարված իրավիճակը դեռեւս շարունակվում է, հակառակորդը կատարում է ծավալով եւ բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ եւ խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաեւ շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական եւ քարոզչական ակտիվ աշխատանքներ”,- ասաց նա:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները չի կարելի որակել իբրեւ զուտ հետախուզական, քանի որ դրանք իրականացվել են ցերեկային ժամերին եւ բացահայտ ուղղված են եղել հայկական հենակետերին: “Բոլոր փորձերը ձախողվել են, եւ, ցավոք, մենք ունեցել ենք կորուստներ”,-ասաց նա:

Նախարարի խոսքով,  Ադրբեջանի գործողությունները հենց իրենց որոշ գյուղերում խուճապ է առաջացրել, հետեւաբար նաեւ արտահոսք:

“Բնակավայրերում Ադրբեջանը ուժեղացրել է ոստիկանական ռեժիմը, նաեւ որոշակի քայլեր են իրականացվում զորահավաքային պլանների ճշգրտման ու զգուշացման ուղղությամբ: Հակառակորդի կողմից նման գործողությունները աննախադեպ են 1994-ից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով եւ իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստում: Այս ամենը հետեւանք է հռետորաբանության, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու եւ պարտվածի թերարժեքության վերացման”,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Վերջինս վստահեցրեց, որ մարտական ռեժիմը ուժեղացված է՝ հատկապես գիշերային ժամերին՝ մեկ անգամ եւս ասելով, որ  մեր Զինված ուժերը եւ Պաշտպանության բանակը խստորեն պատժելու են խախտման ցանկացած դեպք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ