24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երիտասարդների նախագծով վերականգնվում է Ազատամարտիկների այգին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում այցելել եւ տեղում հետեւել է Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով վարչական շրջանի՝ Գայի պողոտայի եւ «Ջրաշխարհի» հարեւանությամբ տեղակայված Ազատամարտիկների այգու վերականգնման ծրագրով  իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագծի վրա քաղաքապետին մանրամասն ներկայացնելով նախատեսված աշխատանքները՝ պատասխանատուները վստահեցրել են, որ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքը բարեկարգման ծրագրի շնորհիվ անճանաչելիորեն փոխվելու է: Այժմ այստեղ ընթանում են հողահարթեցման աշխատանքներ:

Շուրջ 6 հեկտար ընդհանուր տարածքով այգին բարեկարգման համալիր ծրագրի իրագործումից հետո կունենա շատրվան, կանաչ ամֆիթատրոն եւ կանաչ բավիղ: Տարածքում կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կկահավորվի մանկական երեք եւ թենիսի երկու խաղահարթակներով: Շատրվանից բացի այգում կլինեն նաեւ ցայտաղբյուրներ: Ամբողջ տարածքը կլուսավորվի ինքնատիպ 150 լուսամփոփով: Կգործի նաեւ սանհանգույց: Այգին  նախագծված է հաշվի առնելով հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանները։

Պատասխանատուները Տարոն Մարգարյանին նաեւ զեկուցել են, որ, աշխատանքերը պատշաճ եւ ժամկետում կատարելու նպատակով, ամենօրյա հսկողություն է  սահմանված:

Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կրկին հանդիպել հարակից շենքերի բնակիչների հետ, լսել նրանց հնարավոր նոր առաջարկները եւ, նախքան հիմնական աշխատանքների մեկնարկը, ըստ անհրաժեշտության, նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ:

“Վերջին շրջանում այս այգու բարեկարգման աշխատանքների հետ կապված որոշ լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, թե այստեղ ծառահատումներ են կատարում, ընդհուպ ավերում են ծառապատ տարածքները, մինչդեռ որեւէ մեկը հարկ չհամարեց նշել, որ նույն այս գոտին ավելի քան 20 տարի է, ինչ գտնվում էր անբարեկարգ ու անխնամ վիճակում: Այսպես կոչված “ի պաշտպանություն այգու” ամպագորգոռ հայտարարություններ անելու փոխարեն` ավելի լավ է գործով ապացուցել սերը քաղաքի նկատմամբ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երեւանը բոլորիս տունն է եւ իսկական տանտիրոջ հոգածությամբ պետք է վերաբերենք այն ամենին, ինչը վերաբերում է մեր քաղաքին ու նրա բնակչությանը: Իմ պարբերական շրջայցերի ժամանակ դեռ անցյալ տարի տեղի բնակիչներն ուշադրություն հրավիրեցին այս խնդրի վրա եւ, նրանց հետ միասին այցելելով ու տեղում ծանոթանալով իրավիճակին, խոստացա, որ անպայման կանդրադառնանք այգու բարեկարգմանը: Եվ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանն այս այգին վերականգնելու եւ բարեկարգելու առաջարկ ներկայացրեց ավագանու անդամներին, միաձայն կողմ քվեարկությամբ այն հաստատվեց ու այս տարի այն ներառեցինք մեր տարեկան ծրագրերում եւ այժմ էլ, ինչպես տեսնում եք, ընթանում են այգու վերականգնման եւ բարեկարգման աշխատանքները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ 2014թ. մայրաքաղաքի կանաչ գոտիները պահպանելու, նորերն ստեղծելու եւ ոռոգման ցանց անցկացնելու համար համայնքային բյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ է հատկացվել: Ըստ այդմ, նաեւ մասնավոր հատվածի եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մայրաքաղաքում կստեղծվի եւ կվերականգնվի 10 այգի եւ պուրակ: 22 կմ-ով կմեծանա ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը՝ հասնելով 382 կմ-ի: Շուրջ 4 հեկտարով կընդլայնվի սիզամարգերի մակերեսը՝ հասնելով 19 հեկտարի:

Քաղաքապտը նշել է, որ ծաղկապատման ծավալներով նույնպես մայրաքաղաքում առաջանցիկ աճ է արձանագրվել. 2,4 մլն ծաղկասածիլների շնորհիվ ստեղծվել է շուրջ 6,5 հեկտար նոր ծաղկային տարածք: Այս տարի, ի դեպ, ընդհանուր առմամբ 40000 ծառ եւ թուփ կտնկվի մայրաքաղաքում, որի զգալի մասն արդեն իսկ տնկվել է գարնանային ծառատունկի ժամանակ: Այդպիսով, Երեւանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսն այս տարի կհասնի շուրջ 860 հեկտարի, ինչը գրեթե համարժեք է խորհրդային վերջին տարիների ցուցանիշին: Կանաչ տարածքների ընդլայնմանն ուղղված բոլոր ծրագրերը, այդ թվում նաեւ Երեւանի որոշակի հատվածներում անտառաշերտի վերականգնման ուղղությամբ, լինելու են շարունակական:

Ինչ վերաբերում է Ազատամարտիկների այգու բարեկարգմանը, ապա, ըստ նախագծի, տարածքում նախատեսվում է նաեւ ծառատունկ եւ եղած ծառերի քանակը ավելացնել եւս 2500-ով: Ի դեպ, կանաչ տարածքների պահպանումն ու խնամքն ապահովելու նպատակով, այստեղ նախատեսվում է անցկացնել 10 կմ-ոց ոռոգման ցանց: Այգու բարեկարգման ընթացքում կնորոգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նաեւ առկա հուշաքարերը։ Ընդհանուր առմամբ, այգու վերականգնման ու բարեկարգման համար համայնքի բյուջեից հատկացվել է 227 մլն դրամ:

“Համոզված եմ, որ երբ այգին հանձնենք մեր բնակիչների տնօրինմանը, այն դառնալու է Երեւանի ամենասիրված ու հարմարավետ հանգստի գոտիներից մեկը: Ի դեպ, նախագիծը՝ որպես նվեր, իրականացվել եւ համայնքին է փոխանցվել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողների կողմից”,-նկատել է քաղաքապետն ու, պատասխանելով լրագրողների հարցերին, այս համատեքստում, անդրադարձել Երեւանի քաղաքապետարան-երիտասարդություն համագործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքային իշխանության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում այսօր մեծ է նաեւ երիտասադրների մասնակցությունը:

“Մեր կողմից միշտ էլ առանձնակի կարեւորվել է քաղաքային ծրագրերի իրականացման հարցում հասարակության տարբեր խմբերի ներգրավումը: Հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում երիտասարդական կազմակերպություններն ու կառույցները, որոնց մի զգալի հատվածը ներգրավված է Երեւանի քաղաքապետին կից գործող երիտասարդության հարցերի խորհրդում: Խորհրդի գործունեությունն իսկապես կարեւորվում է մեր կողմից, քանզի շուրջ 30 կազմակերպություններից բաղկացած այս խորհրդի առաքելությունն, ըստ էության, երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանումն է, դրանց համակողմանի քննարկումն ու այդ ուղղությամբ նպատակային քայլեր նախաձեռնելը, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքելու առաջադրվող հարցերին՝ միեւնույն ժամանակ, նրանց ներգրավելով համայնքային կառավարման ու որոշումների կայացման գործում: Սա, ինչու չէ, նաեւ մեր երիտասարդներին համախմբելու յուրովի տարբերակ է, ինչը, համոզված եմ, բոլորի կողմից է ընդունելի:

Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ համատեղ ուժերով շատ ավելիին կարելի է հասնել եւ այդ տեսանկյունից առողջ քննադատությունը, որն իր մեջ կրում է նաեւ իրական սրտացավություն ու դրան համարժեք էլ մատնանշում է այս կամ այն խնդրի կարգավորման առավել արդյունավետ եղանակը, չի կարող չողջունվել:

Եվ մենք, մասնավորապես, երիտասարդության այդ ակտիվ մասնակցության շնորհիվ, այսօր կարողանում ենք շատ ավելի նպատակային ու արդյունավետ օգտագործել այն ռեսուրսը, որը տնօրինում ենք: Վառ օրինակը այս այգու նախագիծը հենց երիտասարդների կողմից ներկայացնելն է նաեւ, ինչը, մեծ հաշվով, խոսում է քաղաքի նկատմամբ ունեցած սրտացավության եւ այդ հարցում կառուցողական մոտեցման եւ գործնական մասնակցություն ունենալու մասին: Ու ես համոզված եմ, որ նման աշխատաոճով, առկա խնդիրների լուծմանն ուղղված նման մոտեցումներով մենք միասին ավելի շուտ եւ ավելի շատ հաջողություններ կունենանք”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այգու վերականգնման նախագծի հեղինակային խմբի անդամ երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ այս եւ երիտասարդների կողմից այլ նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրության եւ աջակցության համար: Կարեւորելով երիտասարդության ներգրավվածությունը համաքաղաքային  տարբեր ծրագրերին միջոցառումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որպես օրինակ մատնանշել է նաեւ քաղաքապետին կից գործող երիտասարդության հարցերի խորհրդի կամավորների մասնակցությունը համաքաղաքային միջոցառումներին:

Նշենք նաեւ, որ 2013 թվականին «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումներին կազմակերպչական աշխատանքներին մասնակցել է շուրջ 250 երիտասարդ, իսկ բուն շքերթին՝ 7000-ից ավելի: Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գործում է երիտասարդների գրասենյակը, որի ինքնատիպ կահավորման շնորհիվ՝ կահույքը տեղաշարժելով, քննարկումների դահլիճը կարող է վերածվել, օրինակ, կինոսրահի: Այստեղ գործում են նաեւ ամենշաբաթյա ընթացիկ ծրագրեր եւ ակումբներ, որոնք ուղղված են երիտասարդների հմտությունների զարգացմանը եւ հետաքրքիր ժամանցի կազմակերպմանը: Այդ ծրագրերից են  «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբը, որում ընդգրկված է 240 մասնակցով 60 թիմ: 150 երիտասարդ մասնակից է Հայ կամավորների մասնագիտացված բանկի: Նրանք իրենց պրակտիկան անցնում են պետական եւ ոչ պետական շուրջ 50 կառույցներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ