27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է “Փրկություն” հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կենտրոն:

Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք վերաբերում էին կենտրոնի տարածքի ընդլայնմանը, շահառուների տեղափոխման համար եւս մեկ տրանսպորտային միջոցի տրամադրմանը, երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, շենքի վերանորոգմանը, կոմունալ եւ պահպանման ծախսերի փոխհատուցմանը եւ այլն: Անհատապես լսելով բոլոր ծնողներին՝ կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված հարցերին եւ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Այցի ավարտին հաշմանդամ երիտասարդներից մեկը վարչապետ Աբրահամյանին է հանձնել իր կողմից պատրաստված կավե հուշանվերը:

1999 թ. ստեղծված այս կենտրոնի առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կրթական, առողջապահական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ուսուցման, խորհրդատվության եւ բուժծառայությունների տրամադրման միջոցով: Կենտրոնի 65 շահառուն մասնագիտական որոշակի հմտություններ է ձեռք բերում արվեստի տարբեր խմբակներում եւ օգտվում հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի ծառայություններից: Երեխաների տեղափոխումը տանից կենտրոն եւ հակառակ ուղղությամբ իրականացվում է “Փրկություն” ՀԿ-ի մեկ միկրոավտոբուսով: Կենտրոնի 24 աշխատակցի աշխատավարձը համաֆինանսավորման սկզբունքով վճարվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: 1999 թվականից Շենգավիթ համայնքի թաղապետարանը, իսկ 2012 թվականից՝ Երեւանի քաղաքապետարանը “Փրկություն” ՀԿ-ին անհատույց հատկացրել են 900 քմ տարածք ծրագրերն իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ