12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բիզնես դասընթացներ Շիրակի սահմանամերձ համայնքներում

«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդներին նոր հեռանկարներ սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։

«Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը նշում է, որ գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում։ Եվ շփումները ցույց են տվել, որ երիտասարդները ցանկանում են մնալ իրենց ծննդավայրում, շենացնել հայրենի գյուղը, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ՝ ծրագրեր իրականացնելու համար։ Այս խնդիրը լուծելու նպատակով էլ «Մեղվիկ» ՀԿ-ն Շիրակի մարզի 10 սահմանամերձ գյուղերում (Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգաորս, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր), որոնք ռազմավարական նշանակության տարածքներ են, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է բիզնես դասընթացներ։

Վեհանուշ Հովհաննիսյանն ընդգծում է, որ իրենց կազմակերպության նպատակը պատանիներին ու երիտասարդներին հայրենի բնակավայրերի հետ կապելն է, իսկ դա կարելի է անել նրանց համար աշխատանքի հնարավորություններ ստեղծելով, նրանց մասնագիտական ունակությունները զարգացնելով։

Հնգօրյա դասընթացների ժամանակ մատուցվում է մանրամասն տեղեկատվություն գործարարության կարևոր քայլերի, շուկայագիտության, բիզնեսի կառավարման, բիզնես պլան կազմելու, հաշվապահություն վարելու վերաբերյալ։ Ներկայացվում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը:

ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ անցկացված սեմինարների արդյունքներն ակնառու են։ «Երբ մտնում ենք գյուղեր, տեսնում ենք մեզանից ինչ-որ բան ստանալու, մեր խորհուրդները լսելու երիտասարդների ցանկությունը։ Սարագյուղում, օրինակ, որը հարուստ է բուժիչ տարբեր խոտաբույսերով, մեր ծրագրի արդյունքում որոշվեց ստեղծել փոքր բիզնես՝ կոոպերացիայի զարգացման սկզբունքով. հիմնել խոտաբույսերից թեյի արտադրություն։ Մեկ այլ գյուղում որոշվեց զարգացնել ոչխարաբուծությունը։ Մեկ ուրիշ համայնքում էլ գյուղացիները բուրդը չէին կարողացել վաճառել, խորհուրդ տվեցի թաղիքագործությունը զարգացնել՝ բուրդն իրացնելու համար։ Զորակերտը, Զարիշատն «Արփի լիճ» ազգային պարկի գոտում են, և զբոսաշրջության զարգացման դեպքում թաղիքե աշխատանքները կարող են նաև վաճառել,- ասում է Վեհանուշ Հովհաննիսյանը՝ ավելացնելով,- կարևոր է, որպեսզի սպառողի հոգեբանությունը դուրս գա մեր միջից, փոխվի երիտասարդի մտածելակերպը, որպեսզի չգնա խամ ու խոպան, այլ հասկանա, որ իր տարածքում կարելի է շատ բան նախաձեռնել»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ