06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդունել է Սերժ Սարգսյանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար եւ Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ եւ ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված եւ ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, անկեղծ եւ հետեւողական աշխատանքով նախարար Ջեյսոն Քենին նաեւ իր ուրույն նպաստն է բերում հայ-կանադական բարեկամության ամրապնդմանը, ինչի համար Նախագահը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին եւ վստահեցրել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու եւ ամրապնդելու Կանադայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-կանադական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որի հիմքում, զրուցակիցների համոզմամբ, նաեւ երկու ժողովուրդների քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրություններն են:

Ջեյսոն Քենին նշել է, որ իրականացել է իր մեծ ցանկությունը՝ այցելելու Հայաստան, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, այլեւ ընդհանրապես, բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանի եւ հայ ժողովրդի հարուստ մշակույթին եւ հոգեւոր արժեքներին ծանոթանալու, հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն է: Նա ընդգծել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առեւտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը եւս: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին եւ միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ