15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել, առաջին քայլերը կատարել, փորձառություն ձեռք բերել գիտության ասպարեզում։ Կարեն Ավագյանը շեշտում է, որ այն պահանջները, որոնք 2-3 տարի առաջ դրվել են երիտասարդ գիտնականների կողմից, ժամանակի ընթացքում լուծվել են։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում պահանջները փոխվում են, և դրանք մշտապես ուշադրության ու քննարկման կենտրոնում են։ Հիմնադրամի համակարգողը նաև հույս հայտնեց, որ մեր երիտասարդ մասնագետները, հետագայում շահելով միջազգային դրամաշնորհներ, դրանք կիրականացնեն Հայաստանում՝ ի նպաստ մեր գիտության զարգացման, և իրենք էլ իրենց հերթին գիտական հետազոտական խմբերում, տարբեր ծրագրերում կընդգրկեն երիտասարդ գիտնականների։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն էլ, ամփոփելով 2014թ. 1-ին կիսամյակում ԵԳԱԾ աշխատանքերը, նշեց, որ միջազգային գիտաժողովներին մասնակցության համար յուրաքանչյուր ամիս 5-6 գիտնական ստացել է ֆինանսական աջակցություն։ Իրականացվում է Հայաստանում երիտասարդ գիտնականների գիտաժողով կամ գիտական դպրոց կազմակերպելու մրցույթը, և 10 կազմակերպություն ֆինանսավորում է ստացել, ընդ որում, մեծ մասը՝ միջազգային բնույթի։

Այս տարի, հաշվի առնելով շահառուների ցանկությունները, մեկնարկել է երիտասարդ գիտնականների համար գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման ֆինանսական աջակցության մրցույթը։ Արդյունքներն ամփոփվել են, և 13 երիտասարդ գիտնական յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն դրամի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել՝ գիտական սարք կամ նյութեր ձեռք բերելու համար։ Կառլեն Խաչատրյանը կարևորում է այս նախաձեռնությունը, քանի որ այդ սարքերն ու նյութերը ոչ միայն ընթացիկ տարում կօգտագործվեն հետազոտությունների իրականացման համար, այլև հետագայում կմնան լաբորատորիաներում և կնպաստեն գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ 2014թ. անցկացվել է նաև երիտասարդ գիտնականների գիտական աշխատանքների տպագրության մրցույթը։ Հուլիսին ավարտվել է հայտերի ընդունումը, այժմ հայտերի ուսումնասիրման փուլն է, և մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինեն այդ մրցույթի արդյունքները։

Կառլեն Խաչատրյանն ընդգծում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն տարի դրամաշնորհներ տրամադրող ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) հետ, և երկու դրամաշնորհ հատկացնելու է նաև Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում։ Այս դրամաշնորհի շրջանակներում մեկ տարով գիտական հետազոտություն իրականացնելու համար կհատկացվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Կառլեն Խաչատրյանը նկատում է նաև, որ ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ամեն ամիս կամ մրցույթից մրցույթ արձանագրվում է հայտերի ավելացում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ծրագրի արդյունավետությամբ և երիտասարդ գիտնականների շրջանում ծրագրի հեղինակության ու տեղեկացվածության բարձրացմամբ։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ