Ստալոնեի որդու մահվան պատճառը թմրանյութե՞րն են
Լոս Անջելեսի ոստիկանության տվյալների համաձայն հոլիվուդյան աստղ Սիլվեսթեր Ստալոնեի որդու` Սեյջ Ստալոնեի դիակը առնվազն 4 օր կամ գուցե մեկ շաբաթ մնացել է նրա տանը, մինչեւ որ այն հայտնաբերել են հուլիսի 13-ին:
Ոստիկանները նշել են, որ Սեյջի սենյակում ծայրահեղ անկարգ վիճակ է եղել` աղբ, դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ: Բացի այդ, սենյակից տարօրինակ հոտ է եկել, սակայն Սեյջի շրջապատի մարդիկ հայտնել են, որ դա նրա սովորական ապրելաոճն է: Սեյջը թափթփուկի կյանք է վարել` երբեմն նույնիսկ օրերով դուրս չգալով սենյակից:
Վերջին շաբաթվա ընթացքում Սեյջի հետ ոչ ոք կապի մեջ չի եղել: Տնային աշխատողը նույնիսկ կարող էր չնկատել, որ տանտերը մահացած է, քանի որ աշխատանքի ընդունելիս Սեյջը նրան խստիվ արգելել է թակել իր սենյակի դուռը, նույնիսկ այն հավաքելու համար: Սակայն հուլիսի 13-ին նա ստիպված էր խախտել այդ կանոնը եւ մտնել Սեյջի սենյակ` դերասանի մոր խնդրանքով, ով չի կարողացել զանգահարել որդուն: Այդ ժամանակ էլ նա հայտնաբերել է դերասանի անշունչ մարմինը: Ենթադրվում է, որ Սեյջը մահացել է կաթվածից կամ արյան զեղումից:
Ավելի վաղ տարբերակ էր առաջ քաշվել, ըստ որի դերասանի մահվան պատճառը կարող է գերդոզավորումը լինել, քանի որ Սեյջի տանը մի շարք դեղամիջոցների տուփեր էին գտել: Հայտնի է նաեւ, որ նա որոշ ժամանակ չարաշահել է թմրանյութերը: Բռնության հետքեր չեն հայտնբերվել: Ինքնասպանության կամ սպանության վարկածները դեռեւս քննարկվում են, սակայն կրտսեր Ստալոնեի հարազատները չեն հավատում, որ նա կարող էր գերդոզավորումից մահանալ: Նրանք ցնցված են Սեյջի անակնկալ մահվան փաստից, նրա մայրը` Սիլվեսթեր Ստալոնեի նախկին կին Սաշա Զակը, նյարդային գերլարված վիճակում է: