Գազի խնդիրը լրջանում է․ 168.am
168.am-ը գրում է․ «Գրեթե 1 տարվա անարդյունք բանակցություններից հետո կառավարությունը մտադիր է ռուսական կողմի հետ վերսկսել բանակցությունները գազի գնի շուրջ։ Ինչպես հայտնի է, նախկին բանակցություններն ավարտվեցին նրանով, որ այս տարի Հայաստանը շարունակում է գազ ստանալ նույն գնով, ինչ գնով ստանում էր անցած տարվա հունվարից 1-ի թանկացումից հետ։ Այսինքն՝ այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ ներմուծման գինը մնաց անփոփոխ։
Թե ինչքանո՞վ էին արդյունավետ բանակցությունները, վկայում է այն, որ այսօր Հայաստանը կանգնած է ներքին սակագնի բավական լուրջ թանկացման առաջ։
Այն բանից հետո, երբ միջազգային շուկայում արձանագրվում է էներգակիրների գների նվազում, կառավարությունը համարում է, որ դա հարմար պահ է՝ կրկին բանակցելու գազի գինը։ Այդ նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև՝ գազի համար վճարումն ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- ասվում է Ա.Միլլերին ուղղված գրության մեջ։
Ինչո՞ւ է կառավարությունը նախընտրել գազի գնի վերանայման վերաբերյալ խոսակցությունները սկսել ոչ թե՝ Ռուսաստանի ղեկավարության, այլ՝ անմիջապես «Գազպրոմի» հետ, մտածելու տեղիք է տալիս։ Հայտնի է, որ գազը միշտ էլ եղել է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ապրանք։ Ու դրա շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել քաղաքական մակարդակում։ Այդպես է եղել ոչ միայն իշխանափոխությունից առաջ, այլև իշխանափոխությունից հետո։
Այժմ ինչ-որ բան ակնհայտորեն այնպես չէ։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Ռուսաստանի ղեկավարությանը դիմելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը ռուսական գազի գնի հարցը որոշել է քննարկել Բելառուսի նախագահի հետ։
Ի՞նչ կտա դա մեզ, շուտով կերևա։ Մի բան պարզ է, որ այս տարվա համար ներմուծման սակագների վերանայման հեռանկարը շատ փոքր է։ Կա համաձայնագիր, որով կողմերն արձանագրել են, որ մինչև այս տարվա վերջ ռուսական գազը Հայաստանին մատակարարվելու է 165 դոլարով։
Մինչև այժմ իշխանությունները դա համարում էին արտոնյալ գին։ Այդ գինը ֆիքսված է և կապ չունի միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Այսինքն՝ անկախ նրանից՝ գները կբարձրանայի՞ն, թե՞ կիջնեին, դրանք որևէ ազդեցություն չէին կարող ունենալ Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա։
Սա համաձայնագրի պայման է, որի հետ ընդամենը մի քանի ամիս առաջ համաձայնել են իշխանությունները։ Հիմա այդ պայմանը կառավարությունն այլևս արդարացված չի համարում և մտադիր է գնալ գազի գնի գործող մոդելի վերանայման՝ այն կապելով տատանումների հետ։
Այս պահին, երբ միջազգային շուկաներում էներգակիրների գները նվազում են, դա, բնականաբար, ձեռնտու տարբերակ է մեզ համար։ Այլ հարց է, թե որքանո՞վ նույնը կլինի նաև հետագայում, երբ գները միջազգային շուկաներում սկսեն բարձրանալ։
«Գազպրոմի» ղեկավարությանն ուղղված գրությամբ Հայաստանը կրկին բարձրացնում է նաև գազի դիմաց ազգային արժույթով վճարելու հարցը։ Այդպիսի նախաձեռնությամբ ժամանակին հանդես էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բայց այդ նախաձեռնությունն այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել։ Հիմա կառավարությունը կրկին որոշել է վերադառնալ նույն խոսակցությանը։
Գազի դիմաց ազգային արժույթով վճարելու տարբերակը Հայաստանի համար, բնականաբար, ձեռնտու է և միանգամայն արդարացված։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռուբլին երկարաժամկետ հատվածում գնում է արժեզրկման ճանապարհով։ Մյուս կողմից՝ էներգակիրների դիմաց դոլարով վճարելու համար Հայաստանը ստիպված է բավական մեծ քանակությամբ տարադրամ արտահանել երկրից, ինչը ճգնաժամային իրավիճակներում միշտ էլ խնդիրներ է ստեղծում ֆինանսական շուկայի և տարադրամային պահանջարկի առումով։ Այն դեպքում, երբ Հայաստան մեծ քանակությամբ ռուբլի է մտնում, և դա կարելի է վերադարձնել՝ գազի դիմաց վճարումներ կատարելու ձևով։
Այլ հարց է, որ այդ տարբերակն այնքան էլ չի բխում ռուսական կողմի շահերից։ Առավել ևս՝ ճգնաժամային իրավիճակներում, երբ սրվում է տարադրամային միջոցների պահանջարկը։
Ամեն դեպքում, էներգակիրների դիմաց ազգային արժույթով վճարելու տարբերակն այլընտրանք չունի և, վաղ թե ուշ, այդպես էլ լինելու է։ Ուրիշ բան, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այս փուլում։
Փաստ է, որ այսօր նման քննարկումներ սկսելու համար ամենահարմար պահը չէ։ Այդ մասին պետք էր ավելի շուտ մտածել։ Գրեթե 1 տարի կառավարությունը քննարկում էր ռուսական գազի գնի հարցը։
Գազի ներմուծման գնի նվազեցման վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ սկսելու կառավարության նախաձեռնությունը, անշուշտ, փոխկապակցված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած սակագնային հայտի հետ։ Այն, ինչ առաջարկել է գազամատակարար ընկերությունը ներքին սակագնային քաղաքականության ոլորտում, վկայում է, որ բանակցությունները ձախողվել են։
Անցած տարվա հունվարի 1-ից գազի ներմուծման գնի բարձրացումից հետո ներքին սակագների չվերանայման հետևանքները սկսել են զգացնել տալ։ Սա կառավարության չմտածված և պուպուլիստական գործելաոճի արդյունքն է։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ գազի ներմուծման թանկացումը չի ազդել ներքին սակագների վրա։ Բայց այսօր տեսնում ենք, որ դրա հետևանքով ավելի է մեծացել սակագնային ճնշումը, ինչն առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում լուրջ սպառնալիք է դարձել տնտեսության ու սոցիալական լարվածության խորացման համար։ Եթե չհաջողվի ակնկալվող բանակցությունների արդյունքում հասնել ներմուծման գնի, հետևաբար՝ նաև ներքին շուկայում առաջարկվող սակագների մեղմացման, ապա կանգնելու ենք ծանրագույն խնդիրների առաջ։
Այլընտրանք ևս չի երևում։ Իշխանափոխությունից հետո նախկին ընդդիմադիրներն այլևս մոռացել են իրանական 100 դոլարանոց գազի մասին, որից չօգտվելու համար ժամանակին ինչեր չէին ասում նախկիններին»։