Ծաղկաձոր է մեկնելու նախագահը. խաղերի պատասխանատուն Խաչիկ Ասրյանն է
Վաղը՝ հուլիսի 27-ին, Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում 11-րդ անգամ տեղի է ունենալու ՀՀ Նախագահի մրցանակի համար “Լավագույնմարզական ընտանիք-2014” ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթի գլխավոր կազմակերպիչն ու պատասխանատուն է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
Մրցույթի 1-ին փուլին այս տարի մասնակցած Արցախի, Հայաստանի 10 մարզերի ու Երեւան քաղաքի 12 վարչական շրջանների 2067 ընտանիքներից հաղթած՝ 144 եւ հաշմանդամ ունեցող 16 ընտանիքները մասնակցում են մրցույթի եզրափակիչ փուլին: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ մարզիկներին միացել են հաշմանդամ ընտանիքները:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Խաչիկ Ասրյանը, մրցումներին հատկացվել է 155 միլիոն 840 հազար 800 դրամ: Մասնավորապես, 108 միլիոն գումար հատկացվել է դրամական պարգեւներին, ներառյալ՝ 1-ին, 2-րդ փուլերը եւ եզրափակիչը, իսկ գումարի մյուս մասը տրամադրվել է կազմակերպչական աշխատանքներին՝ 161 (սովորական 144 եւ 17 հաշմանդամ ունեցող) ընտանիքների, մրցավարների, սպասարկող անձնակազմի եւ այլն, ճանապարհի, Ծաղկաձորի մարզահամալիրում գիշերելու, սննդի եւ այլ խնդիրները հոգալուն:
Վաղը Ծաղկաձոր է մեկնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ պարգեւատրելու է բոլոր հաղթողներին՝ չորս տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրավողներին, յոթ մարզաձեւերի լավագույն եռյակները կազմած ընտանիքներ:
Ինչպես միշտ սպասվում է աննախադեպ միջոցառում: