“Զոպառոժեց”-ը “Մերսեդես” չի դառնա. սահմանադրական բարեփոխումներ
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանն այսօր՝ հուլիսի 25-ին մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե ո՞րն է հանրաքվե անելու անհրաժեշտությունը: Ապա նա նշեց, որ ըստ իրեն, Հայաստանին այժմ անհրաժեշտ չի կառավարման խորհրդարանական համակարգը:
՛՛Պառլամենտական համակարգն այսօր Եվրոպայում ընդունված է, բայց արդյո՞ք առաջին անհրաժեշտություն է պառլամենտական համակարգին անցնելը: “Մասկվիչը” “Մերսեդես” չի դառնա, եթե “Մերսեդեսի” շարժիչն էլ հանես, դնես “Մասկվիչի” վրա, միեւնույնն է՝ “Մասկվիչը” “Մերսեդես” չի դառնա՛՛,-ասաց նա:
Նախագահին կից հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ասաց, որ Սահմանադրությունը պետք է հասարակական հարաբերությունների զարգացման մակարդակին համապատասխանի: ՛՛Մենք ունենք մեկ Սահմանադրություն, որ մեկ անգամ փոփոխվել է: 2005-ին քաղաքական համակարգի փոփոխությունները պարտադրված չեն, բայց իշխանությունների տարանջատումը բավական խոցելի տեղեր ուներ: Հիմա եւս մի շարք խնդիրներ կան, որոնք հանրաքվեի միջոցով պիտի լուծվեն՛՛,-ասաց նա: Պողոսյանն ընդգծեց, որ այսօր Ազգային ժողովը չի կարող որեւէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում:
՛՛Բոլոր փոփոխություները, որ վերաբերում են կառավարման համակարգին, Ազգային ժողովը պետք է որոշի 2/3-րդով, բայց հարցեր կան, որ պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով, քանի որ առնչվում են բոլորիս: Նման դեպքում Սահմանադրությունն ավելի կենդանի փաստաթուղթ կլինի, ու հնարավորություն չի լինի, որ ամեն անգամ փոփոխվի, քանի որ պառլամենտում 2/3 ստանալու համար փոխըմբռնում է անհրաժեշտ լինելու մեծամասնության ու փոքրամասնության կողմից, այդ դեպքում հանրաքվեի անհրաժեշտություն չի լինի՛՛,-նկատեց նա: Միեւնույն ժամանակ Պողոսյանն ընդգծեց, որ փոփոխություններն իրականացնելու համար չպիտի սպասել, որ օրինակ քաղաքական ուժերն այդ մակարդակի հասնեն: ՛՛Իննսուն թվականից մինչեւ հիմա ասում են, որ քաղաքական ուժերը կայացած չեն, իսկ ե՞րբ են կայանալու՛՛,-հարցրեց նա՝ միաժամանակ ասելով, որ եթե ստեղծեն այնպիսի պայմաններ, որ կուսակցությունների դերը արժեւորվի, ապա դա կազդի նրանց քաղաքական վարքագծի վրա: Պողոսյանն ասաց, որ ամենազոր, ամենափրկիչ անհատներ գոյություն չունեն, ինչի մասին ասել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
՛՛Եթե իշխանությունը հանձնվում է մեկ անհատի, վատ հետեւանքների է հանգեցնում, դրանով է պայմանավորվախծ, որ մենք մատնանշում ենք ներկայիս Սահմանադրության մեջ առկա խնդիրները: Եթե երկիրը չունի կայուն կառավարման համակարգ, ապա ինստիտուցիոնալ կառույցների միջոցով այդ երկիրը միշտ լինելու է խոցելի: Դրանով է պայմանավորված, որ քննարկել ենք պառլամենատական համակարգը, իսկ կընդունվի, թե չէ, կախված է քաղաքական ուժերի:
Մենք չենք ընդունի մի համակարգ, որ “Զոպառոժեց” է, ու մեր պլանկան եթե դնենք դա, “Մերսեդեսի” չենք հասնի, բայց մեքենան ու վարորդը պետք է որոշակի համապատասխանության մեջ լինեն՛՛,-նկատեց Պողոսյանը: