24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. 168.am

«Վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն անցած տարի չկայացավ։ Այլևս պարզ է, որ չի կայանա նաև այս տարի։ Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. ի հայտ են եկել բազմաթիվ ռիսկեր, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը։ Ու դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ինչ կմնա տնտեսական աճից։

Տնտեսական հեղափոխության մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Նման նախադրյալներ տնտեսության մեջ չեն էլ եղել։ Դեռ լավ է, որ անցած տարի ստվերի կրճատման, ավտոմեքենաների ներմուծման, խաղային բիզնեսի ընդլայնման և ընդերքի արդյունահանման ավելացման հաշվին հաջողվեց աճ ապահովել։ Այս տարի այդ հնարավորություններն էլ խիստ սահմանափակվել են։ Չհաշված այն սպառնալիքները, որոնք կախվել են տնտեսության վրա։

Հայաստանի տնտեսությունը բարդ կացության առաջ է հայտնվել։ Դժվար է ասել, թե կառավարությունը որքանով է գիտակցում առկա վտանգները, բայց դրանք բազում են և բազմավեկտոր։ Առայժմ միակ հույսն այն է, որ դրանք կկրեն կարճաժամկետ բնույթ։

Այդպես մտածելու համար գուցե որոշակի հիմքեր կան։ Բայց ոչ մեկը չի կարող պնդել, որ հենց այդպես էլ կլինի։ Առավել ևս, դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն կարճաժամկետ ազդեցությունները։

Այլևս ակնհայտ է, որ արդեն հիմա որոշ ոլորտներում հետևանքներն առկա են։ Խոսքը առաջին հերթին զբոսաշրջության մասին է։ Ճիշտ է, տարվա մեկնարկը ակտիվ զբոսաշրջային սեզոն չէ, բայց այդ հատվածում զգալի հոսքեր լինում են։

Այս տարի դրանք նկատելի չեն։ Առաջիկա մի քանի ամիսներին ևս այստեղ դժվար է ակտիվություն ակնկալել։

Արտաքուստ թվում է, թե խնդիրը միայն զբոսաշրջային հոսքերն են։ Բայց պետք է հաշվի առնել, որ դա փոխկապակցված է Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկի՝ ծառայությունների հետ։ Անցած տարի ծառայությունների ոլորտում ամենաբարձր աճը գրանցվեց կացության և հանրային սննդի ոլորտում։ Այն գերազանցեց նույնիսկ զվարճություններին և խաղային բիզնեսին։ Ու դա կապված էր առաջին հերթին հենց զբոսաշրջության հետ։ Մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում թողնում է 800-1000 դոլար։ Այդ գումարները գնում են հիմնականում կացության, սննդի և այլ ծառայությունների ոլորտներ։

Զբոսաշրջային հոսքերի կրճատումը ծանր կանդրադառնա այս ոլորտի բիզնես գործունեության վրա։ Չի բացառվում, որ այստեղ աշխատող սուբյեկտների մի մասը, հատկապես փոքրերը, պարզապես չդիմանանա և դադարեցնեն իրենց գործունեությունը։ Դա բերելու է նաև ոլորտում առկա աշխատատեղերի կտրուկ կրճատման։

Սրանք փոխկապակցված ռիսկեր են, որոնք այսօր առկա են։ Տեսանելի չէ սակայն, թե կառավարությունն ինչ է անում կամ ինչ է մտադիր անել, դրանք մեղմելու համար։

Գնակնումը մետաղների համաշխարհային շուկայում միշտ էլ խնդիր է եղել Հայաստանի տնտեսության համար։ Դրա հետևանքով տնտեսությունը ֆինանսական կորուստներ է ունենում։ Եվ ոչ միայն տնտեսությունը, այլևս պետական բյուջեն։ Հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններն ապահովում են բյուջեի եկամուտների շուրջ 10 տոկոսը։ Ու դրանց վճարած հարկերի կրճատումը, գրեթե միշտ խնդիրներ է ստեղծում տնտեսության ու բյուջեի եկամուտների ապահովման համար։

Մետաղների գնանկումն այսօր արդեն ֆինանսական կորուստներ է բերում պետական բյուջեին։ Առաջիկայում այդ ազդեցությունները պահպանվելու են, գուցե նաև խորանան։

Հազիվ թե կարելի է սպասել, որ տնտեսության մեջ մետաղների պահանջարկը կարող է արագ վերականգնվել։ Դա ժամանակատար պրոցես է, որ կապված է բազմաթիվ գործոնների հետ։ Այս հատվածում բյուջեն դեռ կշարունակի կորուստներ ունենալ։ Եթե իհարկե, կառավարությունը չորոշի դրանք փոխհատուցել արդյունահանման ծավալների ավելացման հաշվին։ Ընդերքը Հայաստանում եղել և շարունակում է մնալ տնտեսության առաջնահերթություններից մեկը՝ թե՛ տնտեսական աճի ապահովման, և թե՛ բյուջեի վնասների փոխհատուցման համար։

Հայաստանի վրա մեծ են հատկապես Ռուսաստանի տնտեսությունից փոխանցվող մարտահարվերները։ Դրանք կապված են առաջին հերթին ազգային արժույթի արժեզրկման հետ։ Պատճառն այն է, գործարքները ռուսական ընկերությունների հետ հիմնականում ռուբլով են։ Իսկ դա նշանակում է, որ ռուբլու թուլացումից տուժում է մեր տնտեսությունն ու գործարարությունը։

Մյուս կողմից՝ դա խթանում է ռուսական ապրանքների ներմուծումը։ Ռուբլու թուլացումից ներմուծումը էժանանում է ու դա վտանգ է ստեղծում ներքին շուկայում հարենական ապրանքների իրացման համար։

Սա Ռուսաստանի տնտեսության հետ կապված բազում մարտահարվերներից միայն 1-2-ն է։ Դրանք իրականում շատ ավելին են։ Բայց հուսանք, որ այս անգամ ազդեցություններն իսկապես կարճաժամկետ կլինեն, ինչպես կանխատեսում են Կենտրոնական բանկի մասնագետները։ Այլպես հերթական անգամ Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաև հասարակությունը բախվելու է տխուր հետևանքների հետ։

Դրսի մարտահարվերները բավական չեն, կառավարությունն էլ իր հերթին է դրանք ավելացնում։ Հիմա էլ պատրաստվում ենք գույքի բռնագանձում իրականացնել՝ հերթական անգամ տնտեսությանը ենթարկելով սթրեսի։

Ու այս ամենին շուտով կարող է ավելանալ նաև էներգակիրների, մասնավորապես գազի սակագնի բարձրացումը։ Սպասվում է, որ ապրիլի 1-ից հետո գազամատակարար ընկերությունը հայտ կներկայացնի սակագները վերանայելու վերաբերյալ։ Թե Հայաստանի տնտեսության համար ինչ է նշանակում գազի սակագնի բարձրացումը, հայտնի բան է։ Այն տնտեսության տարբեր ոլորտներում բերում է ապրանքների ու ծառայությունների թանկացման, ինչպես նաև սոցիալական իրավիճակի վատացման։

Ինչպես է կառավարությունը մտադիր կանգնեցնել վերջին շրջանում Հայաստանի տնտեսության համար ի հայտ եկած այս և բազմաթիվ այլ մարտահարվերները, պարզ չէ։ Կառավարության քայլերը առայժմ տեսանելի չեն։

Դեռ լավ է, որ անցած տարի Կենտրոնական բանկը որոշակի, այսպես ասած, բարձիկներ ստեղծեց ֆինանսական շուկայում հնարավոր ցնցումներին ներազդելու համար։ Խոսքը մասնավորապես արտաքին պահուստների համալրման մասին է։ Անցած տարի, ինչպես հայտնի է, դրանք ավելացան 500-600 մլն դոլարով, ինչը լրացուցիչ պաշար է՝ հատկապես նման իրավիճակներում երկրի տարադրամային պահանջարկը բավարարելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ