31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, որքան դրա մասին ասում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարված արտակարգ դրությանը և ընդհանուր իրավիճակին։ Վարչապետ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, այսինքն՝ այս պահին կա 52 կորոնավիրուսով ախտորոշված դեպք, որից 32-ը կապված է Էջմիածնի հետ, իսկ մնացածը կապված են արտադրամասի հետ։

«Մեր 52 դեպքից 2-ը թոքաբորբով են հիվանդ, Առողջապահության նախարարությունը, ըստ էության, երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվելու են։ Այս երկու քաղաքացիներից մեկի ջերմաստիճանը 38,8 է եղել, մյուսինը՝ 37»,- նշեց վարչապետը և հերթով թվարկեց, թե կորոնավիրուսով ախտորոշված անձանց ջերմությունը քանի աստիճան է։

Վարչապետը նշեց, թե «ռազմավարական առումով» ցանկանում է շեշտը դնել յուրաքանչյուրի անհատական և սոցիալական պատասխանատվության վրա, քանի որ այս պահին փորձում են հասկանալ, թե հետագայում ինչպես են շարունակելու աշխատել։ «Այսօրվա մեր ռազմավարությունը հետևյալն է, քանի դեռ կա հնարավորություն հնարավորինս մեկուսացնել կորոնավիրուսի դրական արդյունքով ախտորոշված անձանց հետ շփում ունեցողներին, բայց հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք անձանց, որոնք բուժման որևէ կարիք չունեն։

Մեր առաջին դեպքն ի՞նչ եղավ, ուղղակի մարդը երկու շաբաթ նստեց հիվանդասենյակում, և որևէ դեղ ու բուժում չեղավ, 14-րդ օրը նրան ախտորոշեցին՝ թեստը բացասական եղավ, և նա գնաց տուն։ Այստեղ ես ուզում եմ՝ հասկանանք, թե որքանով է նպատակահարմար բուժման կարիք չունեցող անձանց պահել հիվանդանոցում։

Այստեղ մենք կարող ենք մտածել հետևյալի մասին, որ այդ մարդը նույն հաջողությամբ կարող էր իր տանն ապրել այն պայմանով, որ այլ մարդկանց հետ կա՛մ շփում չունենա, կա՛մ սահմանափակի շփումները։ Երբ այսպես ենք նայում հարցին, հասկանում ենք, որ կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, որքան դրա մասին ասում են, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցողներին կամ խրոնիկական հիվանդություններ չունեցողներին»,- շեշտեց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի կարանտինում պահվող քաղաքացիներին, որոնցից մի քանիսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն նրանք որևէ բուժում չեն ստանում։

«Չնայած արտակարգ դրություն է հայտարարվել, բայց կարծում եմ՝ առավել արդյունավետ միջոցը ոչ թե ոստիկանական ուժերի դնելն է տների մոտ, այլ, քանի որ մի հանրություն ենք, մի ընտանիք, պետք է պայմանավորվենք, որ ավելի պատասխանատու պետք է լինենք, կանոնների նկատմամբ կարգապահ, եթե այսպես վերաբերվենք, կորոնավիրուսային իրավիճակը և լարվածությունը միանգամից կընկնի։ Փառք Աստծո, այս պահին կորոնավիրուսը մեզ համար ընթանում է՝ որպես սովորական վիրուսային հիվանդություն»,- ընդգծեց վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունը որոշում ընդունեց՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել արտակարգ դրություն:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ